Բելառուսա-ռուսական հարաբերությունների հիմքում չպետք է հաշվապահությունը լինի. Լուկաշենկո

Բելառուսի եւ Ռուսաստանի հարաբերությունները միայն հաշվապահություն չեն: Երկրի զարգացման հրատապ հարցերին նվիրված խորհրդակցությունում այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Բելառուսի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի արած հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հայտնել է Բելտա գործակալությունը, նախագահը խորհրդակցության սկզբում պահանջել է իրեն զեկուցել Ռուսաստանի հետ համագործակցության մասին, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ վերջերս Բիշքեկում կայացած միջկառավարական նիստի հաշվառմամբ:

«Ես չեմ ցանկանում խորամուխ լինել մանրամասների մեջ, բայց Մեդվեդեւը պետք է հասկանա, որ եթե մենք գազի համար վճարենք ինչպես Եվրոպայում, ապա ինչ-որ բանի համար ինքը նույնպես ստիպված կլինի վճարել: Եվ գինն անչափ բարձր կլինի, քան բնական գազի գինը,- ասել է Լուկաշենկոն:- Ինձ թվում էր, եւ ես այժմ էլ կարծում եմ, ինչպես եւ, հավանաբար, ռուս մարդկանց եւ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն է կարծում եւ հասկանում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում