Հայաստանը 2018 թվականից կայուն տնտեսական աճ է ակնկալում. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում՝ մինչև 2018 թվականը հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

Գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից և վերջին երկու տարիներին իր վրա է զգացել այդ երկրի տնտեսական անկման հետևանքները: 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին գրանցված 3 տոկոսից նվազել է մինչև 0,2 տոկոս:

Այդ ցուցանիշն ավելի քիչ է եղել, քան կառավարության 2,2 տոկոսի թիրախը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ այդ թիրախային ցուցանիշը կգերազանցվի ոչ ուշ, քան այս տարի:

«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է վարչապետը հարցազրույցի ժամանակ:

Այս տարի վարչական ծախսերը կրճատելը և բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին ակնկալվող ազգային արտադրանքի ընդհանուր ծավալի 5,9 տոկոսից 2,7 տոկոսի կրճատելու ծրագրերը կարող են ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա: Քայլերն անհրաժեշտ են, ասել է վարչապետը:

«Դա կունենա բացասական ազդեցություն… բայց մենք ցանկանում ենք փոխհատուցել դա մասնավոր ներդրումների միջոցով»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք դիմակայել և հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և «բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»:

Reuters-ը նշում է, որ Transparency International միջազգային կազմակերպությունը 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը ներառել է 176 երկրների ցանկի 113-րդ հորիզոնականում:

«Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Պաշտոնյաների համաձայն՝ կառավարությունը պատրաստում է տնտեսական զարգացման ծրագիր, որը 2018 թվականից կփորձի հասնել 4-5 տոկոս տնտեսական աճի:

Վարչապետը նշել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների նոր կենտրոնը կմշակի մասնավոր սեկտորի հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր:

Նա նշել է, որ «իրատեսական» է փորձել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում