Պատանի երաժիշտները ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ծրագրով ստացել են 312 երաժշտական գործիք

Երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքում 2013-2016թթ-ին 312 երաժշտական գործիք է հանձնվել: Այս տարի երաժշտական գործիքների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Չորրորդ տարին է, ինչ մենք իրականացնում ենք այս ծրագիրը: Տրամադրել ենք արդեն 312 երաժշտական գործիք՝ ջութակ, թավջութակ, ալտ, գալարափող, քամանչա, քանոն և այլն: Ուզում եմ առիթն օգտագործել և կոչ անել հայ գործարարներին, որ մասնակցեն նման ծրագրերի՝ նվիրաբերեն երաժշտական գործիքներ, օգնեն երաժիշտ երեխաներին»,– ասաց Արմեն Ամիրյանը և հույս հայտնեց, որ նման աջակցությունների շնորհիվ կկարողանան ծրագրերն ավելի լայնորեն հասանելի դարձնել հեռավոր գյուղերում ապրող երեխաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում