ԵԱՀԿ ԽՎ-ն մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Մեհման Հուսեյնովին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Իգնացիո Սանչես Ամորը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Մեհման Հուսեյնովին, ով անցյալ շաբաթ Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ Նասիմի շրջան ոստիկանության պետին վարկաբեկելու մեղադրանքով:

«Խորապես մտահոգիչ է, որ Մեհման Հուսեյնովի դատավճիռը հիմնված է այն փաստի վրա, որ նա դժգոհել է հունվարին ոստիկանության կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից: Նրա հայտարարած բռնի վերաբերմունքը, այնուհետև հետապնդումն ու ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատական ձայնը ստիպողաբար լռեցնելու կոպիտ փորձ է: Ես կոչ եմ անում անհապաղ նրան ազատ արձակել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սանչես Ամորը:

Նա նաև ընդգծել է, որ Հուսեյնովն այն բանտարկված բազմաթիվ լրագրողներից և ակտիվիստներից մեկն է, ով մեղադրվել է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներից ելնելով: «Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն քաղաքացիների արտահայտվելու իրավունքը և անհրաժեշտության դեպքում նաև բողոքները»,- ասել է նա:

Սանչես Ամորն արդեն մեկ անգամ գրել էր ադրբեջանական խորհրդարանի իր գործընկերներին՝ մտահոգություն հայտնելով Հուսեյնովի հանդեպ վատ վերաբերմունքի համար: Նա ևս մեկ նամակ է ուղարկել՝ իր մտահոգությունը հայտնելով բլոգերի ձերբակալության և դատավճռի վերաբերյալ և ընդգծել է հանրային կարծիքի ազատությանն ուղղված իշխանությունների պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում