Տնտեսագետն առաջարկում է ԵԱՏՄ գործունեությանն աջակցել անկախ փորձագետների խորհրդի միջոցով

Եվրասիական տնտեսական միության աշխատանքին պետք է աջակցություն ցուցաբերվի նաև անկախ փորձագետների խորհրդի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 9-ին Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Արդեն երկու տարի է, որ ԵԱՏՄ-ն հիմնադրվել է, կան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող կառուցվածքներ, բայց ճիշտ քաղաքականություն ունենալու համար պետք է ստեղծել փորձագետների խումբ»,– առաջարկեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ պետք է գտնել ամեն երկրի ուժեղ կողմերը՝ ի բարօրության մյուսների. անհրաժեշտ է համագործակցել՝ օգտագործելով Միության առավելությունները։

Փորձագետի համոզմամբ՝ պետք է այլ երկրների վրա նույնպես ուշադրություն դարձնել, ինչպիսիք են, օրինակ, Իրանն ու Վրաստանը։ «Մեր հնարավորությունները վատնված չեն, որպեսզի նոր երկրներ ներգրավենք, որոնց հետ ունենք ընդհանուր շահեր։ Իրանը հիմա տարածաշրջանային կարևոր խաղացող է դառնում, իսկ Վրաստանը կարող է լինել Միության հետ փոխգործակցությամբ հետաքրքրված երկրներից մեկը»,- հավելեց նա:

Ղրղզստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության կոմիտեի նախագահ Կուբատ Ռախիմովն ասաց, որ վստահ է՝ ԵԱՏՄ-ն կայացել է։ «Կան տարբեր թվեր, որոնք խոսում են ապրանքափոխանակության մասին, բայց ինձ համար, որպես տնտեսագետ, կարևոր է վերահսկման չափանիշը»,- ասաց Ռախիմովը։

ՂՀ առևտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության կոմիտեի նախագահն ընդգծեց, որ Բիշքեկի հանդիպումը ցույց տվեց գազի, նավթի և տրանսպորտի ընդհանուր շուկաների ձևավորման անհրաժեշտությունը։

Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան տեսակամրջի ժամանակ ընդգծեց, որ Միությունում առևտրի հետ կապված խնդիրներ կան, առկա է առևտրային ցուցանիշների անկում։

«Մեծաքանակ նույնատիպ ապրանքները ապրանքաշրջանառության հիմնական խնդիրներն են։ Միության ներսում մենք պետք է տարբեր ոլորտներ զարգացնենք»,- ասաց Կուզմինան։

Նրա կարծիքով, եթե անդամ-երկրների առևտրի 25%-ը Միության ներսում է արվում, ապա ցանկացած տնտեսական միություն կայուն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում