Շվեյցարական հյուրանոցը չեղյալ է համարել Թուրքիայի արտգործնախարարի միջոցառումը

Շվեյցարական հյուրանոցը չեղյալ է համարել միջոցառումը, որտեղ պետք է ելույթ ունենար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Ցյուրիխի Hilton հյուրանոցի կոնֆերանսների և միջոցառումների անցկացման պատասխանատու Ալեքսեյ Լինչուկը հայտարարել է, որ միջոցառումը, որին մասնակցելու էր Չավուշօղլուն, չեղյալ է համարվել: Լինչուկը հայտնել է, որ հյուրանոցի կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «իրենք չեն կարող ապահովել մասնակիցների և հյուրանոցի աշխատակիցների անվտանգությունը»:

Ավելի վաղ Ցյուրիխի քաղաքային իշխանությունները դիմել էին Շվեյցարիայի կառավարությանը` պահանջելով միջոցներ ձեռնարկել Չավուշօղլուի միջոցառումը չեղարկելու ուղղությամբ: Նրանց համոզմամբ` Թուրքիայի արտգործնախարարի ելույթը երկրում կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել և ճգնաժամի պատճառ դառնալ:

Ի պատասխան այս դիմումի` Շվեյցարիայի արտգործնախարարությունից հայտնել էին, որ Չավուշօղլուի ելույթը չեղարկելու պատճառ չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում