Խորհրդարանական ընտրություններ 2017. Երկու մարզ, մեկ ընտրատարածք

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, որոնք ներառված են թիվ 12 ընտրատարածքում, այն եզակի ընտրատարածքներից մեկն է, որտեղ ՀՀԿ-ն ունի բացահայտ առավելություն ու այդ ընտրատարածքում իշխող ուժին քաղաքական թեժ մրցակցություն առաջարկելը բարդ է լինելու այլ քաղաքական ուժերի կողմից` հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, բացառությամբ մեկ հոգու:

Հետաքրքիր պատկեր է ստեղված նաև հենց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուների պարագայում: Այս ընտրատարածքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն իր մեջ ներառում է երկու մարզ, Սյունիքն ու Վայոց Ձորը:

ՀՀԿ-ի ցուցակի առաջնորդները երկուսն են, Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: Սակայն նույնիսկ այս երկու թեկնածուները հանգիստ կարող են իրենց ընտրարշավը կազմակերպել, առանց միմիյանց խանգարելու:

Վահե Հակոբյանը հիմնականում իր ուժերը կենտրոնացնելու է Սյունիքում: Հիմնական գործոնը ոչ միայն նրա մարզպետ լինելու հանգամանքն է, այլ այն, որ առաջին հերթին ժամանակին լինելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, իսկ այնուհետև նույն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը ադմինիստրատիվ աշխատանքի ու ղեկավարման փորձ ուներ դեռևս մինչև մարզպետ նշանակվելը: Ամենայն հավանականությամբ վերը նշված ղեկավարման հաջողված փորձն ու մարզում բավականին հարգանք վայելելու հանգամանքներն էլ հենց հիմք հանդիսացան, որպեսզի մարզպետ նշանակելու ընտրությունը կանգ առնի նրա վրա:

Այս ամենը նրան առավելություն են տալիս մրցակիցների նկատմամբ ու կարելի է փաստել, որ հատկապես Սյունիքի մարզում, նա լինելու առաջատարը ընտրապայքարում:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Թեժ պայքար թիվ 4 ընտրատարածքում

Ինչ վերաբերում է Աշոտ Արսենյանին, ապա նրա «տարածքը» լինելու է Վայոց Ձորը և ևս մեկ անգամ նշենք, որ միևնույն ընտրատարածքում երկու մարզի առկայությունը զերծ է պահում հիմնական առաջատարներին միմիյանց «բախվելուց»:

Այլ քաղաքական ուժերից առավել ազդեցիկ գործիչներից է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Համապետական մակարդակով անշուշտ Արամ Սարգսյանն այն անձն է, որին անտեսելը ու լուրջ մրցակից չհամարելն առնվազն քաղաքական անհեռատեսություն է: Բնականաբար Արամ Սարգսյանը ողջ հանրապետության տարածքով ունի ընտրողների ու համակիրների ստվար զանգված, սակայն կոնկրետ Սյունիքի և Վայոց ձորերի մարզերում նա իր տեղը կզիջի վերը հիշատակված թեկնածուներին:

Հարկ է փաստել, որ այս պահի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր մարզ ունի իր դոմինանտ թեկնածուները և որքան էլ որևէ գործիչ համապետական մակարդակով վայելի հարգանք ու վստահություն, հնարավոր է առանձին մարզերում պարտվի շատ կոնկրետ թեկնածուների:

Ավանդաբար համարվել է, որ Սարգսյանների հենասյունը Արարատի մարզն է և բնականաբար կարող է փոքր ինչ տարօրինակ թվալ նրա առաջադրումը 12 ընտրատարածքում: Դրա համար հնարավոր է լինի երկու պատճառ:
Առաջինը դա քաղաքագիտական այն մոտեցումն է, որ եթե մեկը համարվում է քո ընտրողը, ապա հարկ չկա սեփական ընտրողին շատ ժամանակ տրամադրել: Արարատի մարզում դիրքերը ամուր ու հուսալի համարելով, ինչու՞ չփորձել քվեներ ստանալ այլ ընտրատարածքից ևս: Ինչ խոսք սա շատ պրագմատիկ և արդյունավետ մոտեցում է:

Սակայն կարող է լինել այլ պատճառ ևս և այլ ընտրատարածքում առաջադրվելը լինի պարզապես տակտիկական քայլ: Հայտնի է, որ Արարատի մարզը իր հենասյունն է համարում նաև Հովիկ Աբրահամյանը: Հաշվի առնելով, որ երկար տարիներ Աբրահամյանը տիրապետելով հսկայական պետական ու ֆինանսական ռեսուրսների, ժամանակի ընթացքում իր քաղաքական և տնտեսական ազդեցությամբ շրջանցել է Արամ Սարգսյանին, ով ֆինանսական հսկայական կարողություններ առանձնապես չի էլ ունեցել: Հետևաբար առաջադրվելով «օտար» մարզում Արամ Սարգսյանը կարող է իրեն ապահովագրել հնարավոր ոչ ցանկալի արդյունքների դեպքում ուղղակիորեն պատասխանատվություն ստանձնելուց:

Ինչէ, որն էլ լինի թիվ 12 ընտրատարածքում առաջարդվելու քաղաքական միտումը, Արամ Սարգսյանն այն գործիչներից է, որ անվիճելիորեն ունենալու է իր ընտրողների զգալի տոկոսը:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Տավուշում ուրվագծվում են առաջատարները

Մնացած թեկնածուներից, ովքեր կարող են քաղաքական մրցակցություն պարտադրել մյուս թեկնածուներին, առանձնացրեցինք նաև «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված Մերուժան Սիմոնյանին, քանի որ պատահաբար նկատեցինք, որ Սիմոնյանի անվան դիմաց գրված է ԱԺ պատգամավոր:

Դիմելով Google-ի օգնությանը փորձեցինք պարզել, ո՞վ է հայրենի օրենսդիրը, իսկ քանի որ Google-ը բացի Մերուժան Սիմոնյանի կենսագրականից, որևէ այլ փաստ չհուշեց, հետևաբար զերծ մնացինք անծանոթ մարդու մասին ենթադրություններ անելուց:

«Ծառուկյան» դաշինիքի կողմից առաջադրվածների թվում է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ ցավոք պաշտոնը կորցնելուց հետո, մարդը սկսում է շեշտակիորեն կորցնել իր բոլոր ազդեցությունները, թերևս Բագրատյանին նունպես չհաջողվի տվյալ ընտրատարածքում հասնել առաջատար դիրքերի:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում