Ադրբեջանական նավթն արժեզրկվել է 3 դոլարով

Ադրբեջանական Azeri LT CIF տիպի նավթը, որը վաճառվում է համաշխարհային շուկայում, զգալիորեն արժեզրկվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Azeri LT CIF նավթը արժեզրկվել է 5,42 տոկոսով, կամ 3,04 դոլարով: Azeri LT CIF տիպի նավթի ներկայիս արժեքը մեկ բարելի համար 53,07 դոլար է:

Ներկայումս Ադրբեջանի նավթային քաղաքականությունը հարմարեցվում է OPEC-ի վարած քաղաքականությանը:

2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում