ՄԱԿ-ը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների ընդգրկուն խախտումների մեջ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը զեկույց է հրապարակել Թուրքիայի քուրդ բնակչության իրավունքների ընդգրկուն խախտումների մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը:

Փաստաթղթում նշվում է, որ 2015 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակամիջոցում երկրի հարավ – արեւելքում զոհվել է շուրջ երկու հազար մարդ, իսկ նրանց տները ոչնչացվել են:

Մասնավորապես, Ջիզրե քաղաքում 2016 թվականի սկզբին 189 մարդ մի քանի շաբաթ փաստորեն փակված են եղել իրենց տների նկուղներում՝ չունենալով ջուր, սնունդ եւ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Նրանք բոլորը զոհվել են թուրքական բանակի կողմից գնդակոծումների հետեւանքով:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի կարգի հետաքննություններ չի վարում սույն փաստերով: «Երեւում է, որ ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել եւ ոչ մի մարդ չի ենթարկվել քրեական պատասխանատվության»,- հայտարարել է նա:

Անցյալ տարվա հուլիսի 14-ին հաղորդվել է, որ Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրի նահանգի առավելապես քրդաբնակ 16 գյուղերի բնակիչների արգելել են դուրս գալ տներից: Սահմանափակումը մտցվել է այն գործողության պատճառով, որն իրականացվում էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում