Զախարովան համաձայնագրերին հետևելը կարևոր քայլ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մտադիր է շարունակել միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միջնորդական առաքելությունը կշարունակի հինգ համատեղ հայտարարությունների հիմքի վրա, որոնք ընդունվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների կողմից:

«Այդ փաստաթղթերում խոսվում է ԼՂ հակամարտությունը բռնի ուժով կարգավորելու անթույլատրելիության մասին: Դրանք պարունակում են կոչ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը` վիճելի հարցերը կարգավորել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքների ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունում կարգավորման գործընթացի առաջընթացի համար ռուսական կողմը ջանքեր կգործադրի համաձայնեցված մոտեցումների շրջանակում` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունները:

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է նախկինում կնքված համաձայնագրերում Ռուսաստանի ունեցած դերակատարումը` նշելով, որ դրանք մինչ օրս խնդրի կարգավորման հարցում կարևոր կետեր են համարվում:

«Նախորդ բոլոր համաձայնագրերին հետևելը կարևոր քայլ է ղարաբաղյան կարգավորման հարցում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում