Թուրքիայի մեջլիսում ազգայնականների պատգամավորական մանդատի թիվը նվազել է երեքով

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության չորս անդամ` պատգամավորներ Յուսուֆ Հալաչօղլուն, Նուրի Օքութանը, Իսմայիլ Օքը և նախկին պատգամավոր Սինան Օղանը հեռացվել են կուսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ներկա և նախկին պատգամավորների հեռացումը պայմանավորված է եղել այն փաստով, որ վերջիններս հայտարարել են ապրիլի 16-ին երկրում կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին: Այդ հայտարարությունից հետո նրանց հարցը տեղափոխվել էր կուսակցության էթիկայի հանձնաժողով:

Այդպիսով, մեջլիսում ազգայնականների պատգամավորական մանդատի թիվը 39-ից նվազել է 36-ի:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի անցկացման հարցում աջակցում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում