Իրանը հավասարակշիռ, Թուրքիան իզոլացված. Վիգեն Սարգսյանը խոսել է տարածաշրջանում այդ երկրների դերի մասին

Իրանը հավասարակշիռ, Թուրքիան իզոլացված. Վիգեն Սարգսյանը խոսել է տարածաշրջանում այդ երկրների դերի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատում հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հավասարակշիռ քաղաքականությունը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի անկախության առաջին օրերից դրսևորել է մեծ իմաստնություն՝ հաստատելով հավասարակշռված հարաբերություններ Հայաստանի, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ: «Իրանը կարողացել է ցուցաբերել բալանսավորված դիրքորոշում արցախյան հիմնախնդրի հարցում՝ մշտապես առաջարկելով իր միջնորդական առաքելությունը և առաջնորդվելով միջնորդների առաքելությանը չվնասելու սկզբունքով», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նախարարը հավելեց, որ Իրանի նման դիրքորոշմանը կտրուկ կերպով հակասում է Հայաստանի մեկ այլ հարևան Թուրքիայի դիրքորոշումը: «Թուրքիան ոչ միայն շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ փակելով երկաթգծային ճանապարհներն ու պետական սահմանը, որը մեր կարծիքով, 21-րդ դարում անախրոնիզմ է, այլև ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում է որդեգրել», -հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը կարծիք հայտնեց, որ շրջափակման ենթարկելով Հայաստանը և փակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան ինքն է իզոլացվել Հարավային Կովկասի տարածաշրջանից : «Չնայած Վրաստանի հետ մտերիմ, իսկ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին, Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող», -եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում