Վենետիկի հանձնաժողովը բացասական զեկույց է հրապարակել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովը բացասական զեկույց է հրապարակել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deustche Welle-ն, զեկույցում նշվում է, որ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կգնա դեպի ավտորիտար նախագահական համակարգ»:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցները և դրանց բովանդակությունը եվրոպական չափանիշներով չեն պատրաստվել: Ընդունման պարագայում «կա վտանգ, որ առաջարկվող համակարգը կվերածվի ավտորիտար և անհատի ռեժիմի»: Բացի այդ, ընդգծվել է, որ Թուրքիայում պահպանվող արտակարգ դրությունը սահմանադրական հանրաքվեի համար ժողովրդավարական մթնոլորտ չի ստեղծում: «Կամ հանրաքվեն պետք է հետաձգվի մինչև արտակարգ դրության վերացումը, կամ էլ ազատությունների շուրջ սահմանափակումները պետք է վերացվեն», – առաջարկել են Վենետիկի հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի զեկույցում հիշատակվել է նաև քրդամետ կուսակցության պատգամավորների, ինչպես նաև մի խումբ ընդդիմադիր լրագրողների բանտարկման փաստը: Նշվել է, որ նախատեսվող փոփոխություններից շատերը հակասում են եվրոպական օրենքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում