Էրդողանը Նիդերլանդները «նացիստական մնացորդներ» և «ֆաշիստներ» է անվանել

Էրդողանը Նիդերլանդները «նացիստական մնացորդներ» և «ֆաշիստներ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն է արձագանքել Նիդերլանդների կառավարության որոշմանը, որով արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել երկրում: Նա հայտարարել է պատասխան պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

«Ճնշումներ գործադրեք որքան ցանկանում եք, ձեր երկրում սնեք ահաբեկիչներին, այս ամենը դեպի ձեզ է ուղղվելու: Եվ այս ամենի վերաբերյալ մենք ապրիլի 16-ից հետո սկսելու ենք մեր գործողությունները: Որքան ցանկանում ես մի ընդունիր մեր արտգործնախարարի ինքնաթիռը: Տեսնենք թե սրանից հետո քո ինքնաթիռներն ինչպես են մտնելու Թուրքիա»,- ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իր խոսքը վերաբերում է դիվանագիտական թռիչքներին:

Թուրքիայի նախագահը Նիդերլանդներն անվանել է «նացիստական մնացորդներ, ֆաշիստներ»:

Նիդերլանդները չեղարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում