Հայկական շնչով տեղական ապրանքանիշերը. «5 Concept». Մաս 1

Հայկական շնչով տեղական ապրանքանիշերը. «5 Concept». Մաս 1

Տարիներ առաջ Էլենի ու Ինգայի մտքով չէր անցնում, որ երբևէ գործարարի համբավ ձեռք կբերեն: Ամեն ինչ սկսվեց 2014թ.: Բիզնեսում հանդես գալու ցանկությունը կար, ռիսկի էլ պատրաստ էին դիմել, բայց թե ինչ կարելի էր անել, սկզբում չէին կողմնորոշվում: Ի վերջո երիտասարդ քույրերի ընտրությունը կանգ առավ գործվածքի վրա: Ինչպես ասում է Էլենը, դա պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ, որ քույրը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է և երկրորդ` շուկան բաց էր: «Այս ոլորտն ունի զարգացման մեծ հնարավորություններ: Վերջին 10 տարում գործվածքի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում: Ինչ խոսք, հայ ձեռագործ կանայք գործել են նախկինում, գործում են նաև հիմա, բայց ոճային խնդիր կա: Ըստ այդմ` մենք փորձում ենք բավարարել այդ պահանջը` համադրել ազգայինն ու ժամանակակիցը»,-ասում է Էլենը:

Հայկական գորգերի վրա հանդիպող զարդանախշերն ու դրանց բնորոշ գունային խաղը երիտասարդ ձեռներեցները ստանում են նաև իրենց գործվածքների վրա: Ճիշտ է, աշխատում են դեռևս ձեռքի մեքենաներով, բայց իրենց ուզած զարդանախշերն էլ, գունային խաղն էլ, ստանում են: «Սարքավորումները, որոնցով աշխատում ենք, Հայաստանում չկային, ստիպված էինք արտերկրից բերել: Ձեռք բերեցինք միջին կարգի մեքենաներ, որոնք, սակայն, աշխատում են հատուկ ծրագրերով: Սկզբում դժվար էր, քանի որ ոչ մենք, ոչ էլ աշխատողները չէինք տիրապետում դրանց: Բայց աստիճանաբար սովորեցինք»,-անցած ճանապարհի մասին պատմում է Էլենը: Էլեկտրական հոսքագիծ ունենալը երիտասարդ քույրերի համար, թերևս, առաջնահերթություններից է: Բայց, նախ և առաջ, պետք է սպառողների շուկան ընդլայնել:

Տեղական հումքի բացակայությունը դժվարություն է ստեղծում թե´ արտադրողի, թե´ սպառողի համար: Արտադրողը, ստիպված լինելով ներմուծել անհրաժեշտ հումքը, պատրաստի արտադրանքի գինը համապատասխանաբար ավելի բարձր է սահմանում, իսկ գնորդը դժվարանում է այն ձեռք բերել: Ահա թե ինչու քույրերը մտածում են նաև արտերկրում շուկան ընդլայնելու մասին: Ռուսաստանում արդեն ծանոթ են «Loom Weaving»-ի արտադրանքին: Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանում «Loom Weaving» ապրանքանիշը չի սպառվում: Էլենի խոսքով` իրենք արդեն ունեն մշտական հաճախորդներ, որոնք հիմնականում ընտրում են Ինգայի հեղինակած մոդելները, երբեմն էլ` պատվիրում իրենց ցանկացած դիզայնը: Ամեն դեպքում, ինչպես Էլենն է ասում, ձգտում են փոխել մարդկանց ճաշակը, սովորեցնել գնահատել հայկականը, որն իր որակով չի զիջում արտասահմանյանին:

«Loom Weaving»-ը, թեկուզ երիտասարդ ապրանքանիշ է, հասցրել է մի քանի տեղ «հանգրվանել». սկզբում արտադրամասին կից փոքրիկ ցուցասրահում, հետո «Տաշիր»-ում և վերջապես` «5 concept»-ում (5 կոնցեպտ): Հենց այստեղ` «5 concept»-ում, միավորվեցին 5 երիտասարդ ձեռներեց աղջիկներ ու այդուհետ սկսեցին հանդես գալ միասին, սակայն` յուրաքանչյուրն իր ոճով: «Հատկապես արտաքին շուկա դուրս գալու համար պետք էր համադրել ուժերը: Եթե հանդես գայինք առանձին-առանձին, շատ դժվար կլիներ»,-ասում է Էլենը:

«5 concept»-ի «հնաբնակներից» է նաև «Նաղաշ»-ը: Այս ապրանքանիշի համահեղինակներն Արուսյակ Պողոսյանն ու մոդելավորող Մարգարիտա Սիրեկանյանն են: Արուսյակը ոչ բիզնեսի, ոչ էլ մոդելավորման հետ որևէ կապ չունի, մասնագիտությամբ դեղագետ է, սակայն առանձնահատուկ սեր ունի հայկականի հանդեպ: Հենց այդ սերն էլ ծնունդ տվեց «Նաղաշ»-ին: «Գաղափարը վաղուց կար, բայց ապրանքանիշը մեկ-երկու տարվա պատմություն ունի»,-ասում է Արուսյակ Պողոսյանը: Վերջինիս վրա մեծ ազդեցություն էր գործել Քոբայրի վանքը. «Այդ վանքից մի պատ էր մնացել ու որոշեցինք հայկական վանքեր, հայ գեղանկարիչների գործեր պատկերել շապիկների վրա, որպեսզի այդ ձևով պահպանվի ու տարածվի հայկականը: Ուզում ենք դրանով ավելի ճանաչելի դարձնել մեր արժեքները»,-ասում է ապրանքանիշի համահեղինակը:

Անվան ընտրությունը ևս պատահականորեն չի արվել. պետք էր ընտրել այնպիսի անվանում, որ համապատասխաներ գաղափարին: «Երկար մտածել ենք անվան շուրջ, ու քանի որ առաջին հավաքածուն հենց փլուզված վանքերի մանրանկարների ու սրբապատկերների շնչով էր, տարբերակները պտտվում էին վանքերի անունների և մանրանկարիչների շուրջ։ Ընկերներիցս մեկի հետ քննարկեցինք գաղափարը, և նա խորհուրդ տվեց «Նաղաշ» տարբերակը` միջնադարյան հայտնի նկարիչ, տաղերգու Մկրտիչ Նաղաշի պատվին: Ինչպես գիտենք, նրան Նաղաշ են կոչվել նկարիչ` ծաղկող լինելու համար: Ու այդպես էլ որոշեցինք անվանել ապրանքանիշը»,-պատմում է Արուսյակը: Սեփական ապրանքանիշի դիզայնի հեղինակը հենց Մարգարիտան է, սակայն, ինչպես ասում է Արուսյակը, երբեմն նաև այլ մոդելավորողների առաջարկներ են ընդունում, որոնք որոշակի շտկումներից հետո շունչ են ստանում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում