Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի

Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի

Դամասկոսի հին շրջանում մարտի 11-ին երկու մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, առնվազն 120-ը վիրավոր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է al-Mayadin հեռուստաընկերությունը: Սիրիական իշխանությունները զոհերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չեն հրա պարակել:

Ահաբեկչության զոհերը Իրաքից ժամանած շիա ուխտավորներ են: Հարձակումներն իրականացվել են շիաների կողմից երկրպագվող Բաբ աս-Սահիր գերեզմանատան մոտ, որտեղ թաղված են պատմական Քերբելայի ճակատամարտի մասնակիցները:

Հեռուստաընկերության տվյալներով` մահապարտ ահաբեկիչները մտել են ուխտավորների շարքերն ու գործի են դրել պայթուցիկներով գոտիները: Պայթյունի պահին գերեզմանատուն էին մոտեցել ուխտավորների տեղափոխող ավտոբուսներ Իրաքից եկած տասնյակ ուխտավորներով: Ուխտավորների շարքում եղել են նաև իրանցիներ: Զոհվել են նաև գերեզմանատան հսկիչ անցակետի մոտ գտնված սիրիացի զինծառայողները:

Իրաքի ԱԳՆ-ն հաստատել է Իրաքից ուխտավորների զոհվելու մասին տեղեկությունը:

Սիրիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից դեռևս ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում