ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ստեփանակերտը շեշտը կդնի հետաքննության մեխանիզմի ներդրման վրա

ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ստեփանակերտը շեշտը կդնի հետաքննության մեխանիզմի ներդրման վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցերով պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս փուլում կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ակնկալելը ճիշտ չէ , որովհետև Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները, իր ապակառուցողական քաղաքականությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Կարևորելով համանախագահների այցը տարածաշրջան` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն հետաքրքիր է լինելու, որովհետև երեք համանախագահներից երկուսը նոր են: «Որևէ բեկում պետք չէ ակնկալել: Այս այցելությունն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրելու: Պետք է այցելեն Հայաստան, Արցախ, մենք իհարկե, ներկայացնելու ենք Ադրբեջանի կողմից խախտումները վկայող փաստերը, ապացույցները: Դա միշտ է արվում տարբեր խողովակներով: Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ապացույցները, գնահատականները ներկայացվել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկա յացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այնպես, որ այս գործընթացը շարունակվում է»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ համանախագահների հետ հանդիպմանը խոսվում է տարբեր հարցերի շուրջ` կապված տարածաշրջանի իրավիճակի, առկա խախտումների հետ: Արցախը ևս մեկ անգամ հատուկ շեշտը դնելու է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի վրա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Դավիթ Բաբայանը նշեց, որ այս փետրվարի 13-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, գրանցվել են միջին քանակությամբ խախտումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում