Թուրք նախարարն «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել Նիդերլանդներից

Թուրք նախարարն «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել Նիդերլանդներից

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Քայան Նիդերլանդներում «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Նիդերլանդների իշխանությունները թույլ չէին տվել, որ նախարարի ինքնաթիռը վայրէջք կատարի, ինչից հետո Քայան Գերմանիայից ավտոմեքենայով մուտք էր գործել երկիր` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հանդիպելու այդտեղ բնակվող Թուրքիայի քաղաքացիներին: Ոստիկանությունն արգելել էր թուրք նախարարին գնալ Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան: «Անցանկալի անձ» հայտարարված նախարարը արտաքսվել էր Գերմանիա:

Գերմանիայից Քայան մեկնել էր Ստամբուլ, որտեղ Աթաթուրքի օդանավակայանում հանդիպել էր լրագրողներին և պատմել իր հետ կատարվածը:

Նիդերլանդներում «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո Շենգենյան համաձայնագրով թուրք նախարարին այսուհետև արգելվելու է մուտք գործել Եվրամիության անդամ երկրների տարածք: Արտաքսված անձինք Նիդերլանդներ կամ Շենգենյան գոտու այլ երկիր չեն կարող մուտք գործել տասը տարի:

Կրկին Նիդերլանդներ մտնելու դեպքում Քայան վեց ամսով կարող է ձերբակալվել և կրկին արտաքսվել:

Թուրք նախարարը իրավունք ունի բողոքարկել այս որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում