ԵՄ-ի խորհուրդը կես տարով երկարացրեց ՌԴ-ի քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը

ԵՄ-ի խորհուրդը կես տարով երկարացրեց ՌԴ-ի քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը

Եվրամիության խորհուրդը մարտի 13-ին գրավոր ընթացակարգի ճանապարհով կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, երկարացրել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ սահմանված անհատական պատժամիջոցների գործողությունը, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի «տարածքային ամբողջականության խախտման» համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի համար կազմված սեւ ցուցակը վերջին անգամ կես տարով երկարաձգվել է սեպտեմբերի 15-ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում էր 146 մարդ, ներառյալ ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուսաստանցի քաղաքական գործիչներ, գործարարներ եւ ուժայիններ, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ղեկավարներ: Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի բոլոր հայտնի ռազմական եւ քաղաքական կառույցները, որոնց հետ եվրոպական բիզնեսին արգելված է որեւիցե հարաբերություն հաստատելը:

Բոլորին, ովքեր հիշատակված են ցուցակում, արգելված է ԵՄ մուտքը, իսկ նրանց ակտիվները, Եվրոպայի բանկերում դրանց հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում