Մեր փորձը մեծ է սխալները չկրկնելու ու հերթական անգամ թակարդը չընկնելու համար. ՀՀ վարչապետ

Մեր փորձը մեծ է սխալները չկրկնելու ու հերթական անգամ թակարդը չընկնելու համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը համաձայն չէ տեսակետին, թե ՀՀԿ-ի ծրագրում թվային արտահայտությամբ ներկայացված քայլերն ու նպատակները քիչ են: «Մենք հստակ ասում ենք, թե որքան ներդրում ենք ակնկալում: Թվային տվյալները մեզ մոտ ամենաշատն են: Նշել ենք, որ նախատեսում ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ հայտնի են աղբյուրներն ու ոլորտները: Եվս 5,3 միլիարդ դոլարի ծրագրեր այսօր քննարկվում են կառավարությունում: Ուսումնասիրեք բոլորի ասածներն ու համեմատեք` մեր թվերն են շատ, թե` մյուսների: Ընդ որում, ես չեմ պնդում, թե ինչն է ճիշտ` ծրագրում ներառե՞լ թվեր, թե՞ ոչ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավան վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ն ամենաբազմաշերտ ուժն է, յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր տեսակին տեսնել ՀՀԿ-ում: «Մենք ներկայացնում ենք հասարակության բոլոր շերտերը, ունենք կառավարման մեծ փորձ, շատ դրական և բացասական, որը և օբյեկտիվ է, և սուբյեկտիվ: Համարձակ ասում ենք, որ նաև սխալվել ենք, հասկացել ենք դա: Մեր փորձն այսօր ավելի մեծ է, որպեսզի այդ սխալները չկրկնենք, որպեսզի հերթական անգամ թակարդը չընկնենք»,– ընդգծեց Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը շեշտեց. «Ասել ենք, որ փոխվելու ենք և փոխելու ենք: Ունենք ծրագիր, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, Արցախի արժանապատվությանը: Որպես քաղաքացի հաշվի առեք այս կետերը, կարող եք հավատալ կամ ոչ ու ըստ դրա որոշում կայացնել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում