Մեր ծրագրերը բերելու են տնտեսության աճի և չափելի արդյունքների. Կարեն Կարապետյան

Մեր ծրագրերը բերելու են տնտեսության աճի և չափելի արդյունքների. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը վստահ է` ՀՀԿ-ն ինչ գործողությունների ծրագրեր ունի, որոնք բերելու են տնտեսության աճի: Քաղաքացիներից մեկի հարցին, թե ծրագրերի իրականացման արդյունքում որքա՞ն աշխատատեղ կբացվի` վարչապետը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ խոստում տալուց բավականին ժլատ եմ, քանի որ երբ խոստում եմ տալիս, ցանկանում եմ անպայման դրա տակից դուրս գալ: Իրականում վ ստահ եմ, որ ինչ գործողություններ, ծրագրեր ունենք, բերելու են տնտեսության աճի, որը կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նաև նրանից, թե բիզնես միջավայրը, բնակչությունն ինչպես կարձագանքի: Եթե հասարակությունը հավատա մեր ծրագրին, արձագանքի իր պահելաձևով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ցուցաբերի, ակտիվ լինի, ապա մեր քայլերի արդյունքը տեսանելի կլինի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավան վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորեց բոլոր խնդիրների լուծումը, սակայն առավել կարևոր համարեց հետադարձ կապը հասարակության, բնակչության, գործարարի հետ: «Ես հավատում եմ, որ երկու-երեք տարվա մեջ, եթե այդ կապն ապահովենք, զգալի, չափելի արդյունքներ կունենանք. թվեր եկեք չասեմ»,– ասաց Կարապետյանը:

Մեկ այլ քաղաքացի էլ հարցը ձևակերպեց վարչապետի ոճով՝«ե՞րբ ենք լավ ապրելու», որին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Եթե իմ ոճով, ապա շարունակեք…երբ ես հարցը տալիս եմ, պատասխանն էլ եմ տալիս: Ասեմ հետևյալը՝ չի լինելու մի պահ, որ մենք մեր առջև նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը սահմանել ենք այն, որ հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում և մեր գործառույթը կայանում է նրանում, որ բացի դրանից, կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալ մոտ են այն հնարավորություններին և սահմանափակումներին, որոնք մենք ունենք», -ասաց վարչապետը՝ նշելով, որ աշխատելու են պարզ և թափանցիկ:

Կարեն Կարապետյանը նկատեց, որ այսօր հասարակությունում կա հիասթափաություն, առօրյա խնդիրներ և ընդգծեց. «Եթե դու չես հավատում այդ գաղափարին, ապա դրան հասնելը հնարավոր չէ: Մենք ինքներս պետք է հավատանք, որ կարող ենք ունենալ լավ երկիր, սահմանափակումների, տարածաշրջանային մարտահրավերների հետ պետք է հաշվի նստենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հաշտվենք խնդիրների հետ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում