Բռունցք ճոճող «մասնագետը»

Բռունցք ճոճող «մասնագետը»

Ընտրական քարոզարշավի առաջին շաբաթն արդեն ետևում է։ Ու թեև ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները դեռևս իրենց առավելությունները ցուցադրելու ժամանակ ունեն, այնուամենայնիվ արդեն հստակ է, որ նրանց բացարձակ մեծամասնությունը պարզապես պատրաստ չէր ընտրական գործընթացի մեջ մտնելուն։ Անհաջող ստարտը, այս առումով, օրինաչափություն էր։ Ու ոչ մի հույս չկա, որ ընթացքն ավելի արդյունավետ կլինի, քան մեկնարկը։ Խորհրդարանում հայտնվել ցանկացող ուժերի ներկայացուցիչները սկսել են փրփուրներից կախվել՝ օրըստօրե ապացուցելով այն ճշմարտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Ուստի և ստիպված են քաղաքացիները առավոտից երեկո ունկնդրել թեկնածուների կեղծ խոստումներին ու ոչնչով չհիմնավորված ծրագրային դրույթներին։

Բայց մեկ բան է, երբ ակնհայտ սուտ են խոսում գործիչներ, ովքեր գաղափար անգամ չունեն իրենց իսկ կողմից բարձրաձայնվող խնդիրների մասին, մեկ այլ բան, երբ դա անում են փորձառու քաղաքական գործիչները։ Մեկ բան է, երբ պետության և ժողովրդի համար կարևոր հարցերը շահարկում են սովորական բախտախնդիր անձինք, մեկ այլ, երբ նման ճանապարհով քվե են փնտրում քաղաքական հարուստ անցյալ ունեցող թեկնածուները։ Եթե առաջինների դեպքում դա ընդամենը անգիտակցության հետևանք է, ապա վերջիններիս ուղին հաստատ շիտակ չէ։ Եթե անփորձների համար դա պարզամտություն է, ապա փորձառուների համար՝ հանցավոր շահարկում։

Հնարավոր է, ասվածը նորություն չէ քաղաքական դաշտի եռուզեռին ուշադիր հետևող մեր ընթերցողների համար, բայց կարծում եմ նաև, որ հատկապես կարևոր նշանակություն ունեցող խնդիրների էժան շահարկման յուրաքանչյուր փորձ պետք է մատնանշվի և քննդատվի։

Այսպես, նախօրեին ընտրողների հետ հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցում մենք կարող ենք առաջընթաց արձանագրել։ Հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության, ինքնորոշված լինելու փաստի ճանաչմանը։ Սա նույնպես հնարավոր է։ Դա արդեն իմ մասնագիտությունն է, Րաֆֆի Հովհաննիսյանի մասնագիտությունն է, Սեյրան Օհանյանի մասնակցությունն է, որովհետև դա նաջ պահանջում է, ենթադրում է ուժեղ բանակ, զարգացող տնտեսություն։ Բայց հնարավոր է դա անել»։

Առաջին հայացքից թվում է՝ ամեն ինչ ճիշտ է ասված։ Իհարկե, հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Եվ կհասնենք։ Բայց ո՞վ է խոսում դրա մասին։ Այն նույն Օսկանյա՞նը, որը ուղիղ 10 տարի ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և որևէ հաջողություն չի ունեցել այդ հարցում։ Թե՞ այն Օսկանյանը, որն իր պաշտոնավարման տարիներին «օկուպացված» էր համարում Արցախի ազատագրված տարածքները։ Հարց է առաջանում՝ ո՞վ է այսօր ընտրողներին խոստանում հասնել չափազանց կարևոր և հայկական երկու պետությունների անվտանգությանը սպառնացող այդ խնդրի լուծմանը։

Եվ եթե դա նույն Օսկանյանն է, ով 10 տարի չի կարողացել լուծել այդ խնդիրը, ապա ո՞րն է երաշխիքը, որ այսօր կարող է դա անել։ Ինչ֊որ բան փոխվե՞լ է։ Հիմա ավելի՞ բարենպաստ պայմաններ են, թե Օսկանյանն է գերբնական ուժով օժտվել։ Իսկ եթե ավելի բարենպաստ ժամանակ է Արցախի միջազգային ճանաչման համար, ապա ո՞րն է դրա պատճառը։ Իսկ ավելի լավ չէ՞ Օսկանյանին ընդհանրապես հեռու պահել այդ գործընթացից, որ հանկարծ նորից ամեն ինչ չփչանա…

Իհարկե, բոլոր այս հարցերը հռետորական են։ Իրականում բոլորը հստակ հասկանում են, թե ադրբեջանա֊արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր ինչ տարբերակներ կան և երբ է կարելի սկսել Արցախի միջազգային ճանաչման գործընթաց։ Եվ երբ այժմեական փոքր խնդիր լուծելու (կոնկրետ այս դեպքում՝ մոտ երկու տասնյակ եղվարդցիներին հաճոյանալու) նպատակով սկսում են այնպիսի ոլորտներից խոստումներ տալ, որոնց դեպքում ճիշտ կլիներ պատասխաններ տային նախկինում չարածների համար, պարզ է դառնում, որ դիմացդ կանգնած է ոչ թե պատասխանատու գործիչ, այլ ընդամենը քաղաքական բախտի ետևից վազող անհատ։ Այս առումով, շատ ավելի ազնիվ է լինել Լևոն Տեր֊Պետրոսյանի պես պացիֆիստ և պարտվողական տրամադրություններով գործիչ, քան մարտից հետո բռունցք ճոճող «մասնագետ»։

Այսքանը կարելի կլիներ նաև չգրել, եթե Օսկանյանը խոսեր ցանկացած այլ խնդրի մասին։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ մինչ օրս չէի էլ մտածում, որ պետք է նախկին արտգործնախարարին մեղադրել իր չարած աշխատանքի համար։ Ի վերջո, անվտանգության խնդիրը միշտ էլ իր կարևորությամբ գերազանցել է անկախության ճանաչման անհրաժեշտությանը։ Բայց երբ դա քաղաքական շահարկումների առարկա է դարձնում մի մարդ, ով դրա ամենաքիչ իրավունքն ունի, լռելն այլևս անիմաստ է։ Օսկանյան տեսակը ծանոթ է մեզ տարբեր դրսևորումներով՝ թե՛ որպես արտգործնախարար, թե՛ որպես պատգամավոր։ Հիմա մենք ունենք նաև պոպուլիստ Օսկանյան։ Մարդ, որը չի զլանա ոսկե սարեր խոստանալ հնարավոր ընտրողներին և մարդ, ով շատ արագ մոռանում է և՛ իր խոստումները, և՛ բաց թողնված հնարավորությունները։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում