«Գազպրոմ Արմենիա». «Հայաստանում գազի ավելի ցածր սակագին ունենալ հնարավոր չէ»

«Գազպրոմ Արմենիա». «Հայաստանում գազի ավելի ցածր սակագին ունենալ հնարավոր չէ»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը «Հայաստանի հանրային հեռուստատեսության» և «Արմենիա» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանել է գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները: Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի ՝ սակագինը նրանց առաջարկած թվաբանությամբ հաշվարկելիս պարզ է դառնում, որ գազը հայ սպառողին կարող է հասնել գործողից ավելի բարձր գնով: 

«Տեղեկություններ տարածվեցին, որ կարելի է գազ գնել նաև Իրանից, հրաժարվել ռուսական գազից, նույնիսկ գազը գնել 200 դոլարով, վաճառել 230-240 դոլարով: Սակայն եթե նույնիսկ այս թվաբանությամբ հաշվարկենք, այդ գնին դեռ պետք է ավելացնել ավելացված արժեքի հարկը և «Գազպրոմի» մարժան», -բացատրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը և մանրամասնել, որ եթե հաշվարկած 200 դոլարին գումարվի «Գազպրոմի» մարժան՝ 30-ից 40 դոլար, սրան էլ գումարվի ավելացված արժեքի հարկը, ապա գումարը կհասնի 300 դոլարի:

Հրանտ Թադևոսյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում գործող գազի սակագինն իր մեջ ներառում է ավելացված արժեքի հարկը, և դրանով հանդերձ՝ գազի միջին գինը Հայաստանում կազմում է 255 դոլար, ուստի գործող սակագինն ամենաօպտիմալն է:

«Հայաստանում հնարավոր չէ ունենալ ավելի ցածր սակագներ: Այն, ինչ ունենք այսօր, համարում ենք ամենաօպտիմալը և լավագույն տարբերակը » , – ասել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում