«Հայկական ժամանակ». Ոստիկանապետը վերականգնել է Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները

«Հայկական ժամանակ». Ոստիկանապետը վերականգնել է Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ։

Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ։ Այդ դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվեցին։

«ՀԺ»-ն Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո պարզել էր, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Այս կիրակի Երանոսյանները կրկին աչքի են ընկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում