Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը փակվել է ձնաբքի պատճառով
Նմանատիպ
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի ձյան առատ տեղումների պատճառով, որոնք սպասվում են ԱՄՆ-ի արեւելյան ափին գտնվող քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են համաշխարհային կազմակերպության՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնում:
«ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի եղանակային խիստ պայմանների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանից հետեւում է, որ Նյու Յորքի իշխանությունների կողմից հայտարարված փոթորկի նախազգուշացումը գործելու է մինչեւ մարտի 14-ի երեկո:
Օրվա ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պլանավորված էին մի քանի նիստեր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բաց բանավեճերը զինված հակամարտությունների պայմաններում ստրկության եւ մարդավաճառության խնդրի շուրջ:
Օդերեւութաբանների կանախատեսումների համաձայն՝ Նյու Յորքին մոտեցող ձնաբուքը կբերի մինչեւ 45 սմ տեղումներ, ինչպես նաեւ պոռթկուն քամի: Ավելի վաղ քաղաքի իշխանությունները հայտարարել էին, որ եղանակային պայմանների կապակցությամբ կփակվեն բոլոր դպրոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում