Իշխանաձորի Ազատամարտիկների թաղամասում 20 նոր բնակելի տուն է կառուցվում

Իշխանաձորի Ազատամարտիկների թաղամասում 20 նոր բնակելի տուն է կառուցվում

Իշխանաձորում անցած տարի կառուցված Ազատամարտիկների թաղամասում շինարարական աշխատանքներ են ընթանում: Արցախի Հանրապետության կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից ևս 20 նոր բնակելի տուն է կառուցվում: Տեղում ծանոթացա կատարվող աշխատանքներին, զրուցեցի շինարարների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքները վերահսկվում են Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից: Բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանը տեղեկացրեց. այս օրերին 20 շենքերի հիմքերն են կառուցվում, կատարվում են չափագրումներ: Այցի օրն արդեն 6 տների հիմքերը պատրաստ էին, և շինարարներն անցել էին պատերի կառուցման աշխատանքին: Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, ով նաև ղեկավարում է թաղամասի կառուցապատման աշխատանքները, ասաց՝ շինարարները հիմնականո ւմ տարածքի համայնքների բնակիչներ են, կարող են նոր աշխատողներ ևս ընդգրկել: Տներից մեկը կառուցում են Արտաշատից եկած վարպետներ: Խմբի ղեկավար Նորիկ Մայիլյանն ասաց. առայժմ 1 տուն են կառուցում, և եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինանյութը ժամանակին մատակարարվի, մոտ 1 ամսից տունը պատրաստ կլինի: Նույն տան հարևանությամբ աշխատում էին Իշխանաձորի բնակիչները: Այս շենքի աշխատանքները շուտ են սկսել, և պատերն արդեն պատրաստ են: Արտակ Մնացականյանը նշեց, որ աշխատում են 6 հոգով: Հույս հայտնեց՝ մեկ ամիս անց կսկսեն երկրորդ տան կառուցումը: Բացի շինարարներ ից, այստեղ են նաև մեխանիզատորները, ովքեր տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացնում: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տեխնիկան այս օրերին աշխատում է մի քանի ուղղությամբ՝ շրջանի հյուսիսային կողմում խմելու ջրագիծ է կառուցվում Բերձոր քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար, բարեկարգվում է Բերձոր-Իշխանաձոր ճանապարհը: Բացի տներ կառուցելուց, թաղամասի համար նաև ճանապարհ է կառուցվում: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով հաճախ է այցելում Իշխանաձոր և հետևում կատարվող ինչպես շինարարական, այնպես էլ գյուղատնտեսական աշխատանքներին:

Թաղամասի կառուցումն ունի մի քանի կարևոր նշանակություն: Նախ՝ 20 ընտանիք կունենա նոր ու հարմարավետ բնակարան, շինարարությունում աշխատելու է 100-ից ավելի մարդ: Չնայած ժամանակավոր աշխատանք է, բայց նշված մարդիկ պետք է արտագնա աշխատանքի մեկնեին, կտրվեին տնից, իսկ այժմ աշխատելու են տեղում: Եվ ամենակարևորը՝ սա պատասխան է նրանց, ովքեր միշտ խոսում են տարածքների հետվերադարձման մասին:

Բերձոր վերադարձին Այգեհովիտ-Տիգրանակերտ գյուղերի սահմանագծում հանդիպեցինք ճանապարհաշինարարներին: Աշխատանքները ղեկավարող Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս օրերին իրականացնելու են մինչև Մարաթուկ հասնող հատվածը, իսկ այնտեղից մինչև Բերձոր աշխատելու է ուրիշ բրիգադ: Այժմ ճանապարհը բարեկարգվում, հարթեցվում է՝ դառնալով հեշտ երթևեկելի և կծառայի տարածքի՝ բարիք ստեղծող մեր ժողովրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում