ՀԿԿ-ն բարձր է գնահատում խորհրդարան անցնելու իր hնարավորությունները. Դավիթ Հարությունյան

ՀԿԿ-ն բարձր է գնահատում խորհրդարան անցնելու իր hնարավորությունները. Դավիթ Հարությունյան

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է կյանքի կոչել բոլոր քայլերը` երկրի բնակչության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բյուրոյի անդամ, ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար, կուսակցության տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ հաջողության դեպքում իրենք բարեփոխումներ են իրականացնելու բոլոր ոլորտներում: «Երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ պետք է սկսել զրոյից: Նախ՝ մենք պետք է սկսենք սոցիալական արդարությունը, կրթական,գիտական բնագավառները ոտքի կանգնեցնլուց, արդյունաբերությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը վերականգնելուց: Մենք պետք է օգնենք անկախության տարիներին սեփականաշնորհված գործարանների ու ֆաբրիկաների սեփականատերերին, հողատերերին, որպեսզի աշխատատեղեր բացվեն: Նրանք գնել են գործարանները, բայց դրանք փակվել են, եղած սարքավորումները, գույքը վաճառվել են, հողերը տարիներով անմշակ են մնում, իսկ բանվորները, տոհմիկ հողագործները դուրսն են մնացել, անգործ թափառում են, արտագաղթում են: Ավանդական կապերը թուլացել կամ ընդհանրապես կտրվել են, շուկաների մեծ մասը՝ կորսվել: Ամեն ինչ պետք է սկսել զրոյից և հասցնել մինչև վերջ: Մարդկանց ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ ստեղծելու համար հարկավոր է կատարել բոլոր քայլերը »,- ասաց Հարությունյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում վարելահողերի առնվազն 60-70 տոկոսը չի մշակվում: Դավիթ Հարությունյանը վստահ է, որ պետությունը պետք է գյուղացուն հողը մշակելու, հաց արարելու բոլոր հնարավորությունները տա: «Մենք ունենք շատ բերրի հողեր, որոնք մնացել են անմշակ: Մենք կարող ենք, եթե ոչ ամբողջ տարվա, ապա գոնե 10 ամսվա հացի պաշարը ստեղծել մեր հանրապետությունում: Իսկ դրա համար հարկավոր է գյուղացուն օգնել, տալ հնարավորություն, անհրաժեշտ պարարտանյութ, վառելանյութ, մեխանիզմներ»,- ընդգծեց պատգամավորի թեկնածուն:

Դավիթ Հարությունյանը վստահ է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու բարձր շանսեր ունի: Նա նկատեց, որ ՀՀ-ում կոմկուսը 28 հազար անդամ ունի ու հիշեցրեց, որ իրենց է միացել նաև Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը, և երկու ուժն ընտրություններին մասնակցում են միասնական ճակատով: Նրա կարծիքով` ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը՝ շատ լավ տեսնելով, որ վերջին 25 տարում երկրում դրական տեղաշարժերի փոխարեն անընդհատ անկում է արձանագրվում: «Չեմ կարծում, թե ընտրողները իրավիճակն այնքան սթափ կգնահատեն, որ որոշեն մեր միջոցով իշխանություն փոխել, բայց ընտրություններում մեզ համար հաջող արդյունք ակնկալում ենք ու մեր շանսերը բարձր ենք գնահատում: Ակնկալում ենք ստանալ քվեարկության մասնակիցների ձայների 35 տոկոսը »,- ասաց Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ կուսակցությունը քարոզարշավի ողջ ընթացքում ակտիվ է լինելու: «Մենք մեր ժողովրդին, որը մեր միակ թիմն է, կփորձենք բացատրել մեր ծրագրերն ու նպատակները և հույս ունենք, որ ժողովուրդը մեզ կհասկանա»,- նշեց նա` հավելելով, որ իրենք ուրիշ քաղաքական ուժերի նման չեն խոստանում 3, 10 կամ 50 քայլ կատարել, այլ խոսք են տալիս աստիճանաբար անել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կապահովեն բնակչության համար նպաստավոր պայմաններ:

Ի պատասխան հարցին, թե ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այլ քաղաքական ուժերի հետ հետընտրական դաշինք կազմելո՞ւ է, Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ողջունում են յուրաքանչյուր քայլ, որը բխում է հայ ժողովրդի շահերից: Նա չբացառեց նաև համագործակցությունը իշխող Հանրապետական կուսակցության հետ՝ ընդգծելով, որ այդ համագործակցությունը կլինի այնքանով, որքան կբխի ժողովրդի շահերից: «Ես մի քանի անգամ ասել եմ, որ ողջունում ու բարձր եմ գնահատում մեր հանրապետության նախագահի որոշումը` ան դամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ դա մեր ազգի շահերից բխող քայլ է: Եվ ընդհանրապես, մենք ողջունելու ենք ցանկացած օրենք, գործողություն, քայլ, որը կհամապատասխանի մեր ազգի ու ժողովրդի շահերին»,- հավելեց Հարությունյանը:

Նա հիշեց, որ 2004 թվականից Հայաստանի կոմունիստական կուսակցությունն Ազգային ժողովում պատգամավորներ չի ունեցել, բայց դժվարացավ հստակ նշել դրա պատճառները: Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ ժողովուրդն այդպես արագ երես է թեքել Կոմունիստական կուսակցությունից ու մոռացել է կուսակցության արած գործերը: «Եթե մեր կառավարման 70 տարիների ընթացքում վնաս ենք տվել երկրին, ինչպես որոշ մարդիկ են ասում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ անցյալ դարասկզբին 700-հազարանոց տկար ժողովուրդը 70 տարում դարձավ 4 միլիոն` իր գիտատեխնիկական զարգացածությամբ, կրթական բարձ ր մակարդակով: Այդ ժամանակ մարդը ծնված օրվանից մինչև խոր ծերություն գտնվում էր պետական հոգածության ներքո, ուներ անվճար կրթություն, անվճար բուժօգնություն ստանալու իրավունք: Երկիրն ուներ զարգացած արդյունաբերություն, շինարարություն, կային մշակութային պալատներ, պիոներական ճամբարներ: Դպրոցներ ունեին բոլոր խուլ գյուղերը, աշխատանք կար բոլորի համար՝ և՛ կույրի, և՛ խուլի, և՛ ձեռք ու ոտքից հաշմվածի: Ցանկացած մարդ իր մասնագիտությամբ աշխատում էր: Առևտրատնտեսական, գիտական, մշակութային կապեր ունեինք աշխարհի 100-110 երկրի հետ: Մի խոսքով` ամեն պայման ստեղծված էր: Չեմ կարծում, որ ժողովուրդն այս ամենը մոռացավ ու այսպես միանգամից երես թեքեց մեզանից: Ուղղակի մտածում եմ, որ վերջին 25 տարիներին գլոբալիզացիայի դարաշրջանում կապիտալիստները փորձեցին իրենց կամքը թելադրել աշխարհին, ինչի արդյունքում աշխարհը բռնված է բոցով ու կրակով: Ինձ թվում է` ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո գլոբալիզացիային վերջ կդրվի… Եվ թող ազնիվ պայքար ընթանա կապիտալիզմի և սոցիալիզմի միջև: Իսկ սոցիալիզմ տեսած մեր ժողովուրդը, չեմ կարծում, որ կարող է այսքան տեղ տալ կապիտալիստներին»,- նշեց ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հիմնախնդրի լուծման ՀԿԿ տեսլականին` Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կոմունիստական կուսակցությունը մշտապես կողմնակից է խաղաղության և բարեկամության: Նա հիշեցրեց, որ դեռ 1994 թ., երբ Բիշքեկում հրադադարի պայմանագիր էր ստորագրվում, իրենք Հայաստանի իշխանություններին ասում էին, որ հարկավոր է ոչ թե հրադադար ստորագրել, այլ կապիտուլյացիա, քանի որ պահը դրա համար նպաստավոր էր: «Հիմա կրկին Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը, առաջնագծում լարված իրավիճակ է, բայց այսպես թշնամաբար երկար չի կարելի ապրել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ ոչ Ադրբեջանը կարող ենք այս տարածաշրջանից տեղափոխել, ոչ Հայաստանը վերցնել ուրիշ տեղ տանել: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է մերձենան: Ես կարծում եմ, որ Կոմունիստական կուսակցությունը կկարողանա լուծել հիմնախնդիրը, եթե իշխանության գա»,- եզրափակեց նա` ընդգծելով, որ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա փոխզիջումների ճանապարհով:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1951թ. Հրազդանի շրջանի Լեռնանիստ գյուղում: Ստացել է բարձրագույն կրթություն, ծառայել է Խորհրդային բանակում, պահեստազորի սպա է: Նա ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղարն է, ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ԽՄԿԿ ԿԿՄ վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Ամուսնացած է, ունի երեք որդի, 7 թոռ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում