Թալիշցիների համար ժամանակավոր կացարաններ են տեղադրվում Ալաշան համայնքում

Թալիշցիների համար ժամանակավոր կացարաններ են տեղադրվում Ալաշան համայնքում

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով տարհանված թալիշցիները ժամանակավորապես կհաստատվեն Ալաշան համայնքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Հունան Թադեւոսյանը նշեց, որ նրանց համար հարմարավետ կեցության պայմաններ կստեղծվեն: «Արագ հավաքովի երկսենյականոց բնակարանները Արցախ են հասցվել Չինաստանից, պետական բյուջեի միջոցների հաշվին: Ունեն հարմարավետ պայմաններ, ձայնա և ջերմամեկուսացնող հատկություն, սանհանգույց, խոհանոց»,-ասաց նա:

Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավոր կացարաններից 14-ն արդեն հավաքվել են, 6-ը դեռ հավաքման փուլում են: «Երբ տնակներն ամբողջովին պատրաստ լինեն, կանցկացնեն ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, և նոր արդեն դրանք կբնակեցվեն»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով` Ալաշանում պետք է վերաբնակեցվեր թալիշցի 27 ընտանիք, բայց հանգամանքների բերումով այնտեղ բնակեցվել է 37-ը: «Կան ընտանիքներ, որոնց տեղավորել ենք պահակակետերում, բնակարաններ կան, որտեղ տեղավորել ենք 2 ընտանիքի: Այս տնակները, նախ եւ առաջ, տրամադրվելու են այն ընտանիքներին, որոնց կեցության պայմանները լավ չեն»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ համայնքում մասամբ լուծված կարելի է համարել թալիշցիների զբաղվածության հարցը: «Նրանցից շատերը ծառայության են անցել սահմանագծում, շատերն աշխատում են գյուղի փայտածուխի գործարանում, դպրոցում, բուժկետում եւ այլն»,-հավելեց համայնքապետը:

Թեեւ Թալիշում տեւական ժամանակ է, կրակոցներ չեն հնչում, բայց բնակիչներից շատերը վախենում են վերադառնալ իրենց տները: «Գյուղում 8 հոգի հերթապահում են: Շարունակվում է գյուղապետարանի եւ հանդիսությունների սրահի շինարարությունը»,-ասաց Վիլեն Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում