Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ից ակնկալում է ավելի հասցեական ու արդյունավետ ստուգումներ

Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ից ակնկալում է ավելի հասցեական ու արդյունավետ ստուգումներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ակնկալում է, որ Պետական եկամուտների կոմիտեում տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի արդյունքում ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, արդյունավետ գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ: Այդ մասին վարչապետը նշեց կենտրոնի բացման ժամանակ՝ ավելացնելով, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի համակարգ, որի դեպքում օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող հարկատուն ՊԵԿ- ի աշխատակցի միջամտությունն զգա նվազագույն կերպով և հակառակը, ով այդ դաշտում չէ, ՊԵԿ-ի շունչը զգա պարբերաբար: «Մենք անպայման հասնելու ենք դրան: Որպեսզի ունենանք այդպիսի կառավարում, պետք է արդար, հավասար պայմաններից բացի լինի նաև խելացի կառավարում, որպեսզի ՊԵԿ-ն ավելորդ չանհանգստացնի հարկատուին, գործարարին: Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը, և այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները: Այդ իսկ պատճառով, ընտրություն ան ելիս, թե որտեղ ստուգում անցկացնել, ելակետային տեղեկատվությունը, որն այստեղ կա, թույլ է տալու մեծ հավանականությամբ մուտք գործել այնտեղ, որտեղ տեսնում են ռիսկ: Ներդրված համակարգը ցույց է տալիս, որ օրինակ՝ գիշերը 1:30-ին ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է շատ մեծ ծավալի գործարք: Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածա՞խ, թե մանրածախ գնում է կատարվել: Հետևաբար, ակնկալում ենք, որ ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, արդյունավետ, գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ­ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան: ՀՀ կառավարության 2017թ. ծրագրով և գերակա խնդիրներով, ինչպես նաև հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողու­թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները և հարկ վճարողների ծանուց ման ընթացակարգը։ Դրանց հիման վրա մոնիթորինգի կենտրոնում իրականացվում են ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների և գների, ինչպես նաև հաշվար­կային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ: Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերը: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ կլինի ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում