Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով

Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Ձնամրրիկը, ինչպես սպասվում է, Նյու Յորք կբերի շուրջ 60 սանտիմետր տեղումներ, քամու արագությունը տեղ-տեղ կհասնի ժամում 96 կիլոմետրի:

ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում փակ կլինեն դպրոցները, կչեղարկվեն ինքնաթիռների չվերթերը: Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարել քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն:

Ձնամրրիկի պատճառով արդեն հետաձգվել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նյու Յորքում սպասվող ձյան առատ տեղումների պատճառով կփակվի ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որտեղ այս օրերին ընթանում է կանանց իրավունքներին նվիրված խորհրդաժողովը: Նյու Յորքի սակարանը նույնպես կաշխատի թեթեւացված ռեժիմով. թրեյդերների մեծամասնությունը դուրս չի գա աշխատանքի, ինչը կազդի առեւտրի ծավալների վրա: Ինչպես հայտնել է FlightAware ծառայությունը, ԱՄՆ-ում մարտի 15-ին կչեղարկվի շուրջ 6500 ավիաչվերթ: Չեղարկումների մեծ մասը կվերաբերի ԱՄՆ-ի արեւելյան քաղաքների՝ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոսթոնի, Բալթիմորի եւ Ֆիլադելֆիայի օդանավակայաններին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է որպես նախագահ զբաղվելու տարերային աղետի հետեւանքների վերացմամբ: Մարտի 14-ին Թրամփը հավաստիացրել է, որ հանդիպում է ունեցել ներքին անվտանգության նախարարության եւ արտակարգ իրավիճակների կառավարման համերկրային գործակալության ղեկավարների հետ:

«Բոլորն Էլ լիովին պատրաստ են: Հուսանք, որ ամեն ինչ այնքան վատ չի լինի, որքան կանխագուշակում են ոմանք: Սովորաբար այդպես էլ լինում է»,– այսպես է մեկնաբանել Թրամփը ձնամրրիկի մոտենալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում