Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրվել Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրվել Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

Մեծ Բրիտանիայում C&T Auctions-ի աճուրդին է դրվել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ֆոտոալբոմը գտնվել է ֆյուրերի բունկերում՝ նրա կնոջ Եվա Բրաունի ննջարանում, 1945 թվականի ապրիլին: Այն հայտնաբերել է խորհրդային զինվորը, որն այնուհետեւ ալբոմը հանձնել է բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինին եւ հեռուստահաղորդավար Ռիչարդ Դիմբլբիին:

Հավաքածուում կան լուսանկարներ, որոնցում պատկերված են Հիտլերն ու նրա մերձավորները, այդ թվում՝ Պաուլ Յոզեֆ Գեբելսը, Գերման Գյորինգը եւ Հենրիխ Հիմլերը: «Լուսանկարներն արվել են ինչ-որ մեկի կողմից, ով հնարավորություն է ունեցել մոտենալ ֆյուրերին եւ նրա շրջապատի մարդկանց»,- նշել է C&T Auctions-ի ներկայացուցիչ Թիմ Հարփերը:

Ներկայում ալբոմը պատկանում է մի հավաքորդի, որի անունը չի հրապարակվում: Փորձագետները կարծում են, որ պատմական գտածոն կարող է վաճառվել մոտավորապես 18 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում