Վարչապետը վստահ է՝ ՊԵԿ համակարգում առաջընթաց կա. Բիզնեսի բողոքները պակասել են

Վարչապետը վստահ է՝ ՊԵԿ համակարգում առաջընթաց կա. Բիզնեսի բողոքները պակասել են

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ Պետական եկամուտների կոմիտեում իրականացվող աշխատանքների արդյունքում կառավարությունը հասնելու է այն խնդիրների լուծմանը, որոնց ձգտում է: Այդ մասին վարչապետը նշեց ՊԵԿ-ում մոնիթորինգի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրուցելիս: «Վստահ եմ, որ աշխատանքի արդյունքում ունենալու ենք այն, ինչին ձգտում ենք: Սպիտակ, օրինապահ դաշտում գործող գործարարը ՊԵԿ-ը նվազագույնն է նկատելու: Համակարգում առաջընթաց միանշանակ կա, տեղ չկա՞ լավացնելու, միշտ կա: Մենք երբևէ չենք գալու մի կետի, որ այլևս անելիք չունենանք, բայց մեր ձգտումն է տվյալ իրավիճակում հասնել առավելագույնի: Կարծում եմ, որ իրավիճակը բավականին փոխվել է: Բացի նրանից, որ ՊԵԿ-ն ունի հետադարձ կապ, այն առկա է նաև իմ աշխատակազմում և կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են ՊԵԿ-ի գործերով: Չի եղել դեպք, որ որևէ մեկը բողոքի ՊԵԿ-ի անարդարությունից, և մենք ՊԵԿ-ի հետ համատեղ մինչև վերջ չգնանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Ես կանոնավորապես շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բողոքները պակասել են»,– «Արմենպրես»-ը, ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ ՊԵԿ-ի և բոլոր գործընկերների առջև խնդիր է դրվել բարձրացնել կառավարման արդյունավետությունը, իրականացնել խելացի կառավարում: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ արտահանվող բիզնեսի մեջ շահութաբերությունը ներքին բիզնեսի համեմատ տարբերվում է: Արտահանվող բիզնեսի շահութաբերությունն ավելի ցածր է, քան ներքինի, թվում է՝ հակառակը պետք է լինի: Պատճառը, կարծում ենք, այն է, որ ներքին բիզնեսում ստվերն ու գերիշխող կարգավիճակները դեռևս գոյություն ունեն, ինչը բերում է շահութաբերության բարձր լինելուն: Այս գործիքակազմը, այս կենտրոնը թույլ է տալիս մեզ գնահատել ներքին շուկայի ռիսկային գոտիներն ու հասցեական ստուգել: Մենք պետք է հասնենք նրան, որ ողջ մանրածախ դաշտը ՀԴՄ-ներով ծածկենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ՀԴՄ-ով գործարք անելիս հասկանա, որ օգտակար գործ է անում օրինապահության, բիզնեսը ստվերից դուրս բերելու համար: Եվ մենք շատ հստակ այդ ուղղությամբ գնալու ենք»,– ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում