Հայաստանը մտադիր է Թուրքմենստանի հետ քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր

Հայաստանը մտադիր է Թուրքմենստանի հետ քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր

Երևանում մարտի 14-ին մեկնարկեց հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը՝ երկու երկրների համանախագահների՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովի նախագահությամբ։ Երկօրյա նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացելով նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը. «Հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի ցանկությունը՝ հետագայում ևս խորացնել հարաբերությունները մեր պետությունների միջև: Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Անդրադարձ կկատարվի նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացմանը, կներկայացվի կատարված աշխատանքների ընթացքը։

Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում