Մերկելի դաշինքն իր ժողովրդականությամբ հավասարվել է սոցիալ-դեմոկրատներին

Մերկելի դաշինքն իր ժողովրդականությամբ հավասարվել է սոցիալ-դեմոկրատներին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է իր քաղաքական ժողովրդականության 0,5 տոկոսը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքին թույլ է տվել հավասարվել վարկանիշներում: Ինչպես վկայում են INSA հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հրապարակած տվյալները, ԳՍԴԿ-ն վայելում է ընտրազանգվածի 31 տոկոսի աջակցությունը (-0,5 տոկոս), պահպանողականների համապատասխան ցուցանիշը նույնպես 31 տոկոս է (+0 ,5 տոկոս), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կանաչների» վարկանիշը չի փոխվել եւ կազմել է 6,5 տոկոս, անփոփոխ է մնացել ձախերի ժողովրդականությունը՝ 8,5 տոկոս: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ արտախորհրդարանական ընդդիմություն է, հավաքում է 7 տոկոս (-0,5 տոկոս): «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պոպուլիստները վերջին շաբաթվա ընթացքում փոքր-ինչ բարելավել են իրենց դիրքը եւ ստանում են ընտրազանգվածի ձայների 11,5 տոկոսը (+0,5 տոկոս):

Հարցմանը մասնակցել է 2051 մարդ:

Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու է կառավարությունը եւ որոշվելու է կանցլերը, կանցկացվեն սեպտեմբերի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում