Մեզ համար ժողովուրդն ամենակարևոր արժեքն է. Սեյրան Օհանյան

Մեզ համար ժողովուրդն ամենակարևոր արժեքն է. Սեյրան Օհանյան

Հայ ժողովուրդն ապրում է անչափ կարևոր և որոշիչ ժամանակահատված: Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք ապրիլի 2-ին ընտրելու ենք մեր հայրենիքի ողջ իշխանությունը` Ազգային ժողով, կառավարություն, նախագահ, որը 5 տարի ժամանակով ղեկավարելու է մեր երկիրը: Մենք մեր թիմով որոշել ենք լինել ժողովրդի կողքին: Մենք մեր թիմը համալրել ենք փորձառու մարդկանցով, ովքեր գործադիրում աշխատելու տարիներին համապատասխան գիտելիքներ և փորձ են ձեռք բերել: Այդ փորձը հիմնականում աշխատանքը ճիշտ կազմակերպելու, ռազմավարական որոշումներ ընտրելու, մարդկանց հետ ճիշտ աշխատելու մեջ է կայանում»,– նշեց Օհանյանը:

Նրա գնահատմամբ` միայն ժողովրդի մեջ լինելով է հնարավոր հասկանալ մարդկանց հուզող խնդիրները և լուծում տալ դրանց: «Ես երկար ժամանակ եղել եմ բանակում, ղեկավարել եմ այն, բայց իմ պաշտոնավարման ընթացքում չափազանց մեծ կապ եմ ունեցել սահմանամերձ բնակավայրերի հետ: Բոլոր սահմանամերձ գյուղերը եղել են իմ ուշադրության կենտրոնում, և այդ գյուղերում ապրող մարդիկ ինձ համար նույն հարթության վրա են եղել մեր զինվորների հետ: Ես կարողացել եմ այդ գյուղերում ավելացնել պայմանագրային զինծառայողների քանակը, որպեսզի սոցիալական հարցեր լուծվեն: Այդ ամենը, սակայն, բավարար չէ, որովհետև մեզ անհրաժեշտ են այլ միջոցներ: Այս ամենը հաշվի առնելով` ես և իմ թիմը որոշել ենք առանձին քաղաքական ուժի տեսքով հանդես գալ, ես որոշել եմ դուրս գալ պաշտպանության նախարարությունից և նրա համար ուժեղ թիկունք կառուցել, իսկ ուժեղ թիկունքը զարգացած տնտեսությունն է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ այս կարևոր ժամանակահատվածում իրենց համար ժողովուրդն ամենակարևոր արժեքն է լինելու: «Մարդուն ազատություն տալը, մարդու համար լավ ապրելու պայմաններ ստեղծելը մեզ համար լինելու է ամենակարևոր արժեքը: Մենք առաջարկում ենք ծրագիր, որը կոչվում է «365 օր»: Սա նշանակում է, որ զօր ու գիշեր մեր բոլորիս համազգեստը լինելու է այնպիսի հագուստ, ինչպիսին ձերն է, մեր հագին լինելու է համազգային համազգեստ, որպեսզի ամրապնդենք մեր սահմանները և ձեր կողքին լինենք»,- մանրամասնեց Օհանյանը:

Օհանյանը նկատեց, որ ՀՀ գործող իշխանությունները երկարատև կառավարման ժամանակահատվածում չեն կարողացել լուծել երկրի առջև ծառացած խնդիրները` միևնույն ժամանակ հավելելով, որ անկախության 25 տարիների ընթացքում ձեռքբերումներ էլ են եղել: «Ամենամեծ ձեռքբերումը, որ մենք կարողացել ենք տալ մեր ժողովրդին, դա Հայաստանի Հանրապետությունում նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքն է: Բայց այս իրավիճակում, տարածաշրջանում նման սպառնալիքների մեջ նման դանդաղ տեմպերով առաջ գնալը մեզ համար անընդունելի է»:

Սեյրան Օհանյանը հավաքվածներին կոչ արեց քվեարկել իրենց դաշինքի օգտին, քանի որ դաշինքի առաջնորդները մարդիկ են, ովքեր տարբեր տարիներին կատարած լուրջ աշխատանքով իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի առաջընթացի ու անկախության ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում