Մեդիափորձագետը քարոզարշավը բավականին կազմակերպված է գնահատում

Մեդիափորձագետը քարոզարշավը բավականին կազմակերպված է գնահատում

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կուսակցությունների քարոզարշավի մասին, որոնք իրականացվում են տարբեր հարթակներում:

«Ի զարմանս ինձ` նախորդ տարիների համեմատ այս քարոզարշավը բավականին կազմակերպված է: Նախկինում համացանցում ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերն անհամեմատ ավելի շատ էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով` շատ քաղաքական ուժեր, դաշինքներ հապճեպ են ձևավորվել և բոլորն էլ համացանցում նույն կերպ են աշխատում` նախապատվությունը տալով Facebook սոցիալական ցանցին: Նրա կարծիքով` մինչ քարոզարշավի ավարտը պատկերը կարող է փոխվել:

«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ավելի շուտ է պատրաստվել քարոզարշավին: Համացանցում կան բազմաթիվ հոլովակներ, որոնց վրա ֆինանսական մեծ ռեսուրսներ են ծախսվել: «Ելքը» նույնպես որոշ չափով պատրաստվել է, իսկ մյուսներն իրենց մոտեցումներն ու ասելիքը հապճեպ են ձևավորել»,-շեշտեց Մարտիրոսյանը:

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ քարոզարշավին գործում են ընդհանուր ձևավորված խաղի կանոններ, և հավանաբար դա է պատճառը, որ այն քաղաքակիրթ ձևով է անցկացվում:

«Կարծում եմ` քաղաքական ուժերը փորձում են իրենց տարածքներում խաղալ և ընդդիմադիր ու իշխանական ուժերն ադեկվատ են գնահատում իրենց հնարավորությունները»,-ասաց Հակոբյանը:

Նա շեշտեց, որ ՀՀԿ-ի գերխնդիրն իրենց քարոզչության թեման դեպի ապագա դրական փոփոխություններն ուղղելն է: «Պատահական չէ, որ քարոզարշավը հենված է Կարեն Կարապետյանի վրա, ով փոփոխությունների խորհրդանիշ է դարձել»,-նշեց նա:

Ըստ քաղտեխնոլոգի` «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը հենված է Գագիկ Ծառուկյանի ելույթների վրա, իսկ մյուսները տեղական նշանակության մարտեր են վարում:

Կրկին անդրադառնալով ՀՀԿ-ին` Վիգեն Հակոբյանն ասաց, որ նրանք փորձում են իրենց կողմ քաշել նաև ոչ ռուսամետ ընտրազանգվածին և ցանկանում են անկախության սերնդին ցույց տալ, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները համապատասխանում են երիտասարդների բոլոր պատկերացումներին:

«Ազատ դեմոկրատները» հստակ և ընդգծված ուզում են ցույց տալ, որ դեմ են ԵԱՏՄ-ին և կողմ են Եվրամիությանը: «Ելքը» փորձել է նոր տեխնոլոգիաներ օգտագործել և նրանց հիմնական խաղաքարտը «Ելք կա»-ն է: ՀԿԿ-ի ընտրազանգվածը, կարծում եմ, սոցիալապես անապահով և տարեց մարդիկ են, որոնք գուցե կարոտել են իրենց երիտասարդությանը: ՀՅԴ-ն ավանդական գործիքներ է օգտագործում: Նրանք կարծում են, որ ունեն կայուն ընտրազանգված և աշխատում են նրանց համար»,-նշեց Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում