Արթուր Բաղդասարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկայացրեց ՀՎԿ առաջադրած թեկնածուներին

Արթուր Բաղդասարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկայացրեց ՀՎԿ առաջադրած թեկնածուներին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպում ունեցավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ընտրողներին ներկայացրեց թիվ 3 ընտրատեղամասում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՎԿ թեկնածուներին: Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ` այդ ընտրատարածքում առաջադրվել են ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, Արփինե Միքայելյանը, Հովսեփ Շահինյանը, Գուրգեն Գևորգյանը, Հարություն Ավետիսյանը: Ընտրողների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Մ.Մելքոնյանի անվան դպրոցում, սակայն հետագայում այն տեղափոխվեց:

Հեղինե Բիշարյանը ելույթի ժամանակ նշեց, որ հանդիպման վայրում «ասեղ գցելու» տեղ չէր լինի, եթե այն տեղափոխած չլինեին: Նրա խոսքով` ՀՎԿ-ն Մալաթիա-Սեբաստիա համայնքում շատ ակտիվ է, քանի որ այնտեղ է գտնվում իրենց «բանակը», նվիրյալները:

«Այս առումով կարող եմ ասել, որ մարտունակ ենք, մրցունակ: Պայքարելու ենք համայնքների խնդիրների լուծման համար: Վերջին քսան տարիների ընթացքում «Հայկական վերածնունդ» կուսակցության հետագիծն այնպիսին է եղել, որ մենք այժմ ունենք մեր ետևում կատարած աշխատանքներ, որն էլ բերում է վստահություն»,- ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը հաստատեց կուսակցության փոխնախագահի այն խոսքերը, որ ունեն մրցունակ թիմ և հավելեց, որ այն ապացուցվել է անցնող բոլոր ընտրություններում: Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ կուսակցության հետ ճանապարհ են անցել, դարձել են իրենց պայքարի ուղեկիցն ու զինակիցը:

«Մեր համախմբված կեցվածքով Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք միշտ հավաքել ենք պատկառելի քվեներ: Ես վստահ եմ, որ այս ընտրություններում արձանագրելու ենք լուրջ հաջողություն, քանի որ մեր քաղաքական թիմը մոտիվացված է: Մենք պատգամավորության թեկնածու ենք ներկայացրել մարդկանց, ովքեր փորձառու են»,- ասաց նա` մատնանշելով նախորդ ընտրություններին Շենգավիթ համայնքում Հեղինե Բիշարյանի հավաքած 15 հազար ձայները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում