Սիրիայի զարգացումները չեն կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի. Վիգեն Սարգսյան

Սիրիայի զարգացումները չեն կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի. Վիգեն Սարգսյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չանհանգստացել Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Նախ, Մերձավոր Արևելքը երկար ժամանակ եղել է հայկական հսկայական սփյուռքի տունը, նրանց ժառանգների տունը, ովքեր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից փախչելով, իրենց համար նոր ապաստան են գտել Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ պետություններում: Նրանց այդ երկրներում շատ լավ են ընդունել: Ուստի, այն ինչ այս պահին կատարվում է Սիրիայում, չի կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հալեպում մինչ այս պահը գործում է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը: Հայաստանը հանդիսանում է միակ երկիրը, որի հյուպատոսությունը Հալեպում դեռ շարունակում է գործել: «Չնայած բոլոր դժվարություններին` մենք Ռուսաստանի հետ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու ծրագրեր ենք իրականացնում: Մենք դա մեր պարտքն ենք համարում ու կարծում ենք, որ Սիրիայի ժողովուրդը նման օգնության կարիք ունի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը վերջին տարիներին Սիրիայից շատ փախստականների է ընդունել: «Մենք Սիրիայից շուրջ 20 հազար մարդ ենք ընդունել: Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են: Սակայն կան նաև Սիրիայում ապրող քրիստոնեական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մենք նրանց արագ ինտեգրման ծրագրեր ենք իրականացրել, տրամադրել ենք նրանց քաղաքացիություն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով` Մերձավոր Արևելքը շատ հեռու չէ մեր տարածաշրջանից և այնտեղ ընթացող զարգացումները չեն կարող ազդեցություն չունենալ տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում