Ջրառատում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել 35-ամյա քաղաքացի

Ջրառատում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել 35-ամյա քաղաքացի

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գրանցված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ Արագածոտնի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել մեկ քաղաքացի. «Ջրառատում կրակոց արձակելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1982 թվականին ծնված Տ.Սարգսյանը»:

Հիշեցնենք, որ այսօր Ջրառատ գյուղում միջադեպ էր գրանցվել: Ավելի վաղ Ոստիկանությունից Tert.am-ին հայտնել էին, որ վիճաբանությունը սկսվել է դպրոցում երեխաների միջև, ինչին միջամտել են մեծահասակները: Վեճի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ, իսկ մասնակիցները փորձել են ինքնաձիգը վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մի հոգի՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ հոգու մոտ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Քիչ առաջ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը գրառում էր կատարել, որ Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։

Tert.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն ասել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից տուժած երեք քաղաքացիների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում