Վիգեն Սարգսյանը ՀՀ-ի համար անվտանգության գլխավոր երաշխիք է համարում ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումը

Վիգեն Սարգսյանը ՀՀ-ի համար անվտանգության գլխավոր երաշխիք է համարում ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումը

Ռազմական անվտանգության առումով Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RT հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Բոլորին հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու պատմական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի երաշխավորը: Ամեն օր ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին սադրանքներ են տեղի ունենում, ու հայկական զինված ուժերն ամեն օր ստիպված են լինում արձագանքել դրանց»,– ասել է նախարարը` հավելելով, որ ավելի լայն կտրվածքով անվտանգության սպառնալիք են նաև միջազգային ահաբեկչությունը, կիբերանվտանգությունը, ինչը գնալով ավելի արդիական խնդիր է դառնում:

Նախարարն ընդգծել է, որ անվտանգության հիմնական երաշխիք Հայաստանի համար հանդիսանում է ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումը, որը պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:

Վիգեն Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է մի շարք երկկողմ և բազմակողմ անվտանգության ապահովման ձևաչափերում: «Առաջին հերթին ՀԱԿՊ ձևաչափում մենք շատ պատասխանատու մոտեցում ենք ցուցաբերել կազմակերպությունում մեր նախագահության ընթացքում: Մենք հույս ունենք, որ մեր կազմակերպությունը կկարողանա գործիքներ ձևավորել, որոնք կապահովեն առավել ներգրավվածությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը բարձրացնում է կազմակերպության դերը միջազգային և տարածաշրջանային գործընթացներում: Հայաստանը ակտիվ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ : Այդ համագործակցության գլխավոր գործոնը հայ խաղաղապահների առկայությունն է Կոսովոյում, Լիբանանում, Աֆղանստանում: Մենք կարծում ենք, որ դա մեր երկրին հնարավորություն է տալիս ներդրում ունենալ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում