Հայաստանի կառավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել սիրիահայերի ինտեգրացիային աջակցելու համար

Հայաստանի կառավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել սիրիահայերի ինտեգրացիային աջակցելու համար

Պատերազմը Սիրիայում ավերիչ հետևանքներ ունի երկրի քաղաքացիական բնակչության համար, այդ թվում` ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք կենսական սպառնալիքների են բախվում` ինքնության հիմքով հանցագործությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բռնություններից չեն խուսափել նաև սիրիահայերը, որոնց թվում բազմաթիվ զոհեր կան: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները ոչնչացվեցին: 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականներն ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին ստիպված են թողնել իրենց տները»,- ընդգծեց Հանրապետության ղեկավարը: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս դատապարտել է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացվող հանցագործությունները:

«Նրանց գործողությունները սպառնում են տարածաշրջանի և դրանից դուրս ժողովուրդների անվտանգությանը»,– նշեց երկրի ղեկավարը: ՀՀ Նախագահի խոսքով` միայն Սիրիայից ավելի քան 20 հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում:

«Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում փախստական լինել և ինչ է նշանակում փախստականներ ընդունել: Հայաստանի կառավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել նրանց օգնելու և ինտեգրացիային աջակցելու համար: Կարծում ենք, որ անհրաժեշտ է հաստատել ավելի լայն միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի և միգրացիոն խնդիրների ադեկվատ լուծման համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծեց նաև մարդկանց զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարևորությունը` մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկարատև քաղաքական լուծման հասնելու միջոցով:

«Անցած տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Հայաստանից Սիրիա է հասցվել հումանիտար օգնություն: Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին փոխադրմանն աջակցելու համար»,- ամփոփեց երկրի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում