Խոսրով Հարությունյանը բացահայտել է մրցակիցների տնտեսական հաշվարկների սնանկությունը

Խոսրով Հարությունյանը բացահայտել է մրցակիցների տնտեսական հաշվարկների սնանկությունը

«Շանթ» հեռուստաընկերությանը հյուրընկալված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանն արձագանքել է գյուղացիական էժան վարկեր տրամադրելու, բանկերին ունեցած պարտքերը ներելու, աշխատավարձերն ու կենսաթոշակը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ այն գայթակղիչ խոստումներին, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում տալիս են որոշ կուսակցություններ: Խոսրով Հարությունյանը վերլուծել է, թե որքանով կարելի է այդ խոստումներն իրատեսական համարել և թե ինչ հետևանքներ կարող է կրել տնտեսությունը, եթե պատկերացնենք, որ այդ խոստումները հնարավոր է իրականացնել:

Անդրադառնալով գյուղացիական վարկերի համար ցածր՝ 2-ից 3 տոկոսադրույք սահմանելու կամ բանկերում գոյացած պարտքերը ներելու խոստումներին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ բանկերի առջև նման նախապայմաններ դնելը կհանգեցնի գյուղացիական վարկեր տրամադրելուց հրաժարվելուն, իսկ գյուղացիները կհայտնվեն ավելի ծանր վիճակում:

«Կարծում եմ՝ մենք կարող ենք ժամանակի ընթացքում քննարկել տարաժամկետ վճարումների համակարգը, բայց եթե փորձենք վարչական եղանակով սահմանափակել բանկերին, թե պետք է 3 տոկոսանոց վարկ տաք այն դեպքում, երբ վարկի գինը իրականում 6, 7, 8 կամ 10 տոկոս է, մենք գյուղացիներին ուղղակի կզրկենք վարկերից, որովհետև ոչ մի բանկ այդպիսի վարկավորման տակ չի մտնի: Ես գտնում եմ, որ արդյունքում մենք ոչ թե կօգնենք գյուղացուն, այլ կգցենք ծանր վիճակի մեջ՝ հարվածի տակ դնելով նաև բանկային համակարգը»,- ասել է Հարությունյանը՝ էժան վարկերի մասին խոստումները որակելով այսրոպեական քայլ ՝ հաճոյանալու համար: Նա նաև հիշեցրել է, որ վերջին 3 տարիներին կառավարությունը գյուղացիների համար վարկային ռեսուրսները մատչելի դարձնելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարել, և պետբյուջեից սուբսիդավորման շնորհիվ գյուղացիական վարկերը տրամադրվում են 5-ից 6 տոկոսով, ինչը մատչելի է համարվում:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է նաև կենսաթոշակն ու աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու, այդպիսով նաև տնտեսությունն ակտիվացնելու մասին խոստումներին և կարծիք է հայտնել, որ տնտեսագիտական հաշվարկները, ըստ որոնց այս ամենի արդյունքում վճարունակ պահանջարկին կհետևի վճարունակ առաջարկը, միայն առաջին հայացքից են անխոցելի թվում: Խոսրով Հարությունյանն այլ հաշվարկ է ներկայացրել և ասել է, որ եթե պատկերացնենք, որ 40 700 դրամ կազմող միջին կենսաթոշակը դառնա, օրինակ, 65 000 դրամ, այսինքն՝ կտրուկ բարձրանա, վճարունակ առաջարկը դրան անմիջապես չի հետևի, քանի որ մենք չօգտագործված արտադրական հզորություններ չունենք :

«3, 4, 5, նույնիսկ 6 ամիս կարող է անցնել, որպեսզի առաջարկը գա: Սա կբերի նրան, որ մենք մի պահ կխթանենք կամ ներմուծումը կամ գնաճը: Երկուսն էլ մեզ ձեռնտու չեն, իսկ գնաճն ընդհանրապես վտանգավոր է», – ասել է Հարությունյանն ու անդրադարձել նաև տնտեսության արձագանքին.

«Խոսքը տնտեսության մեջ 170 մլրդ դրամ ներարկելու մասին է, և այդ 170 միլիարդը անմիջապես ավելացնելու է ՀՆԱ-ն՝ հենց այդքանով: Մեզ մոտ ՀՆԱ-ի համեմատ հարկային եկամուտների ծավալը կազմում է 21,4 տոկոս: Լավ, ենթադրենք՝ 23 կամ 25 տոկոս… Այսինքն՝ այդ 170 միլիարդից կվերադառնա ոչ թե ամբողջը, ինչպես մեզ փորձում են ներկայացնել, այլ դրա մեկ քառորդը ՝ 40 միլիարդը: Բայց մենք շարունակելու ենք տալ նաև հաջորդ տարի: Որտեղի՞ց ենք վերցնելու մնացած 130 միլիարդը : Երկու ճանապարհ կա . կամ պարտք վերցնել, ինչն ուղղակի աբսուրդ է, կամ հարկային եկամուտներն ավելացնել ՝ մոտ 3 տոկոսով: Եվ վերջինը՝ ինֆլյացիա: Նույն այդ ավելացումը հենց ինֆլյացիան, գնաճն է խժռելու: Ես կարծում եմ, որ սա ընդունելի առաջարկ չէ»:

Այն հարցին, որ նախընտրական այս խոստումները տվողները որպես ռեզերվ հանքարդյունաբերողների բնապահպանական վճարների բարձրացումն են մատնանշում, Խոսրով Հարությունյանը պատասխանել է՝ ներկայացնելով հանքարդյունաբերողների հարկային պարտավորությունները.

«Բոլոր հանքարդյունաբերողներն, անկախ նրանից՝ շահութաբեր են, թե ոչ, շրջանառության 4 տոկոսը մուծում են պետբյուջե: Շահութաբերության պարագայում վճարում են 20 տոկոս շահութահարկ, գումարած՝ 12, 5 տոկոս բնապահպանական վճարներ: Այսինքն, այդ տնտեսություններից պետբյուջե գանձվում է 36,5 տոկոս: Հարց բարձրացնել, որ այդ 18 մլրդ կազմող բնապահպանական վճարը դառնա 80 միլիարդ, նույնն է, թե ասել՝ փակվեք և թող փակվեն նաև այդքան աշխատատեղերը: Սա ոչ մի քննադատության չի դիմանում»:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 80 000 դրամ դարձնելու մասին խոստումներին, ապա Խոսրով Հարությունյանը նկատել է, որ նվազագույն աշխատավարձի պարագայում միջին աշխատավարձը չի կարող չբարձրանալ, իսկ այդ դեպքում արտադրողի ծախսերն են ավելանալու, քանի որ նա ստիպված ավելի բարձր աշխատավարձ է վճարելու, ինչի հետևանքով նվազելու է շահութաբերությունը:

«Ի՞նչ պետք է անի արտադրողը, որպեսզի շահութաբերությունը պահպանի. կամ պետք է գինը բարձրացնի կամ դառնա ոչ մրցունակ: Բացի այդ, եթե նվազագույն աշխատավարձը դառնա 80 000 դրամ, պետական բոլոր աշխատողների աշխատավարձը ավտոմատ կերպով կբարձրանա: Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս առաջարկի հեղինակներն ավելի շատ ուզում են, որ պատգամավորների աշխատավարձը բարձրանա: Այս առաջարկով պատգամավորների աշխատավարձը կբարձրանա առնվազն 250 000–ով: Ես դրան դեմ եմ: Աշխատավարձը պետք է կապված լինի արտադրողականության հետ: Դա տնտեսագիտական այբուբենն է: Առանց արտադրողականության ավելացման դուք չեք կարող խոսել աշխատավարձի աճի մասին: Դուք կտապալեք տնտեսությունը», – եզրափակել է Խոսրով Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում