Հարություն Կարապողոսյան. «Բոլորովին ուշադրություն չեմ դարձնելու հերյուրանքներին»

Հարություն Կարապողոսյան. «Բոլորովին ուշադրություն չեմ դարձնելու հերյուրանքներին»

Մամուլում հրապարակվել էր հոդված այն մասին, որ ԱԺ պատգամավորի թեկնածու անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, ով առաջադրվել է Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբերի վարձակալության վճարները, նա կապի դուրս չի գալիս և, այսպես ասած, «թռած է»: Ժամեր անց ԱԺ պատգամավորի նախընտրական շտաբից տարածվեց հաղորդագրություն, որով հերքվեց նման լուրերի իսկությունը և համապատասխանությունը իրականությանը:

Լուրեր տարածվեցին նաև, որ թեկնածուն լրագրողների հարցադրումների մեկնաբանություն չի տալիս։ Times.am-ին, այնուամենայնիվ, հաջողվեց կապ հաստատել նրա հետ և ստանալ սպառիչ պատասխաններ,- «Ես իսպառ հերքում եմ նմանատիպ լուրերը, ասեկոսեները՝ համարելով դրանք պարզապես հատուկ միտում ունեցող գործունեություն, որի նպատակն է հեղինակազրկել իմ անունը և նախընտրական քարոզարշավի ֆոնին որոշակի ոչ բարենպաստ տրամադրություններ սերմանել: Բոլորովին ուշադրություն չեմ դարձնում և չեմ դարձնելու նման փորձերին կամ քայլերին, որոնք ուղղակի հերյուրանք են և ոչինչ ավելի: Պարզապես կոչ կանեմ մարդկանց տուրք չտալ այսպիսի առօրեական խոսակցություններին, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Իմ շտաբի տարածած հայտարարության մեջ արդեն իսկ նշվել են բոլոր հիմքերն այս լուրերն անիրական ճանաչելու համար: Ես անկուսակցական թեկնածու եմ, և ընտրական քարոզարշավի օրենքի համաձայն՝ ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբերի վարձակալության պայմանագրերը կնքվում են կուսակցությունների հետ, հետևաբար անհրաժեշտ ծախսերը կատարվում են կուսակցությունների կողմից: Կարծում եմ՝ այսքանով համապարփակ պատասխան է հնչել ուղղված մեղադրանքներին:

Ես չգիտեմ, թե ով է տարածել այս լուրերը և խոսակցությունները, բայց դրա նպատակն ուղղակի ինչ-որ ռեզոնանս առաջացնելը և նախընտրական քարոզարշավի այս փուլում որևէ վնաս հասցնելն է: Մենք շարունակելու ենք մեր քարոզարշավի բնականոն ընթացքը, հանդիպումները: Այդ ամենը արվելու և արվում է օրենքի տառին համաձայն», – մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում