Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունները երկարաձգվում են

Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունները երկարաձգվում են

Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Ինչ վերաբերում է բանակցություններին զինված ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությանը, ապա այսօր գիշերն սպասվում է Հարավային եւ Հյուսիսային ռազմաճակատների ներկայացուցիչների ժամանումը,– ասել է նա:- Նրանք վաղը հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման հարցերի շուրջ»:

Դիվանագետի խոսքով՝ ընդդիմության պատվիրակության կազմի վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի ավելի ուշ: «Վաղը բանակցությունները կշարունակվեն»,- հավաստել է Ժայնակովը:

Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն սկսվել է մարտի 14-ին: Ղազախստանի մայրաքաղաքում աշխատում են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի պատվիրակությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում