Հայաստանն Իրանին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն

Հայաստանն Իրանին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել մարտի 12-14-ը Թեհրանում: Խորհրդակցությանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ:

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ:
Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը: Իրանական կողմը ողջունելով ներկայացված գաղափարը՝ առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում