Քաղաքական ուժերն իշխանության գալու դեպքում խոստանում են կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում

Քաղաքական ուժերն իշխանության գալու դեպքում խոստանում են կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սոցիալական խնդիրների լուծմանը բավականին մեծ տեղ են հատկացնում: Մարտի 15-ին կայացած քննարկման ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրեցին, թե ինչ ճանապարհներով կհասնեն նախանշած թիրախներին:

«Սոցիալական դրույթը ՀՅԴ-ում իր ուրույն տեղն ունի: Մենք խնդիրներին փորձելու ենք ցուցաբերել համակարգային մոտեցում: Ապահովելու ենք տնտեսական աճ և, վերանայելով տնտեսական աճի արդյունքում ստեղծված արդյունքի վերաբաշխման համակարգը, ապահովել որ այդ արդյունքն ավելի արդար բաշխվի հասարակության անդամների միջև: Աշխատավարձերը շատ ցածր են և համապատասխան գործիքակազմի կիրառմամբ աշխատավարձերը դարձնելու ենք արդյունավետ, դրանք լուծելու են մարդկանց խնդիրները: Մենք կարծում ենք, որ պետք է բարձրացվի նվազագույն աշխատավարձի ինստիտուտը՝ հիմք ընդունել ով կենսապահովման նվազագույն բյուջեն»,– ասաց ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Սարինյանը և ավելացրեց, որ իրենք չեն հնչեցրել հստակ թվային խոստումներ, քանի որ փորձել են զերծ մնալ ժողովրդահաճո ձևակերպումներից, և ներկայացրել են իրատեսական ծրագիր:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված ծրագրերի մեծ մասն ունի թվային հիմնավորումներ. «Յուրաքանչյուր ամուսնացող զույգի համար մենք նախատեսում ենք 500.000 դրամ: Մենք առաջարկում ենք նաև կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորման գաղափարը: Նվազագույն աշխատավարձի շեմը պիտի լինի գոնե 100.000 դրամ: Ընտանիքի հարկման մեխանիզմները ևս պետք է փոխվեն: Այն մարդկանց, որոնց աշխատավարձը չի հասնում նույնիսկ նվազագույնի շեմին, պետք է հարկել այլ մեխանիզմներով»

«Կոնգրես -ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ներկայումս սոցիալական կա անհանդուրժողականության մթնոլորտ, որը պետք է ցրել: «Մենք պատրաստվում ենք հինգ տարվա ընթացքում կենսաթոշակի միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին: Պետք է փոխել համախառն եկամտի բաշխման ողջ համակարգը»,-ասաց «Կոնգրես-ՀԺԿ»-ի ներկայացուցիչը:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի խոսքով՝ իրենց մոտ սոցիալական կոնկրետ խնդիրներին անդրադարձ չկա, քանի որ իրենք ոչ թե ուզում են ձուկ բաժանել մարդկանց, այլ օգնել ձուկ բռնել. «Երկրի զարգացման համար պետք է ստեղծել պայմաններ Հայաստանում, որ մարդկանց ձեռնտու լինի երկրում բիզնես հիմնել: Իշխանության գալու դեպքում մենք 20 տոկոսով ավելացնելու ենք կրթական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև թոշակները: Մեր մոտեցումը միտված է օպտիմալացմանը, որ ենթադրում է աշխատավարձերի բարձրացում, կրթական համակարգում ավտոմատացում, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում: Չեղարկելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը»:

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ իրենց ծրագրային դրույթներում ևս նախատեսված է առաջիկա հինգ տարիներին կենսաթոշակների, աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացում կրկնակի չափով: Պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը: Պետության կարգավորիչ դերը պետք է մեծացնել: Այս ամենի արդյունքում կլինի տնտեսության արդյունավետություն և սոցիալական արդարություն:

«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը ընդգծեց, որ իրենց ծրագրում նշված է ոչ միայն այն, թե ինչ քայլեր պետք է կատարել, այլ նաև թե ինչպես: «Ամեն ինչ նշված է թվերով: Կարծում ենք, որ պետք է ունենալ ընտրանի, էլիտա»,-եզրափակեց Սամվել Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում