Էրդողանը հանձնարարել է խզել Ստամբուլի եղբայրական կապերը Ռոտերդամի հետ

Էրդողանը հանձնարարել է խզել Ստամբուլի եղբայրական կապերը Ռոտերդամի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Ռոտերդամը Ստամբուլի հետ եղբայրական քաղաք էր: Երեկ երեկոյան մեր վարչապտին ասել եմ` անմիջապես ասենք Ստամբուլի քաղաքապետին միակողմանի չեղյալ համարի եղբայրական կապը: Նման մարդկանց հետ մենք չենք կարող եղբայրական քաղաք լինել»,- հայտարարել է Էրդողանը:

Նա հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով. «Սրանք քաղաքակրթության հետ, ժամանակակից աշխարհի հետ կապ չունեն: Սրանք Սրեբրենիցայի ջարդերում մոտ 8 հազար բոսնիացի մուսուլմանների սպանողներն են»:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ Ռոտերդամում: Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:

Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում