«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հանդիպել են կապանցիների հետ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հանդիպել են կապանցիների հետ

Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդիպում ունեցավ Կապան քաղաքի բնակիչների հետ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իրենք իսկապես գիտեն՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել խնդիրների լուծման համար, որովհետև ունեն գիտելիք, կառավարման փորձ, կամք: Նրա խոսքով` իրենք նաև տեսլական ունեն, պատկերացում, թե վերջնարդյունքում ինչ են ստանալու:

«Պետք է ամբողջովին բարեփոխենք կառավարման համակարգը, որը պետք է սկսվի սահմանադրական փոփոխություններից, պիտի ապահովենք դատարանների անկախությունը, ինչի արդյունքում երկրում կվերականգնվի օրինականությունը, բիզնեսի և իշխանության տարանջատումը»,-ասաց Մարտիրոսյանը:

Դաշինքի երրորդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց դաշինքի ծրագրի իրականացման դեպքում քաղաքացին ամեն օր իր մաշկի վրա զգալու է, որ կյանքը փոխվում է: Նրա ներկայացմամբ` բարձրացնելու են թոշակները, աշխատավարձերը, պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնելու են մինչև 280 հազար դրամ, սպաներինն ու ենթասպաներինը՝ մինչև 480 հազար դրամ, մայրերին իսկական աջակցություն են ցույց տալու. առաջին երեխայի համար՝ 100 հազար դրամ, երկրորդ երեխայի համար՝ 500 հազար դրամ, երրորդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, չորրորդ եր? ?խայի համար՝ ոչ միայն 2 միլիոն դրամ, նաև լրացուցիչ 3 միլիոն դրամի մայրական կապիտալ են ստեղծելու կոնկրետ այդ ընտանիքի համար:

«Ձեր մեջ հարց է առաջանալու, թե ֆինանսավորումը որտեղի՞ց: Հնարավորությունները կան: Արդարության, ճիշտ կառավարման, տնտեսական ճիշտ քաղաքականության, հարկային և վարկային ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է գտնել ռեսուրսներ, նաև արտաքին ներդրումների, դրամաշնորհների միջոցով»,- ասաց Օսկանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասաց, որ ապրիլի 2-ին քաղաքացիները պետք է չափազանց կարևոր ընտրություն կատարեն, քանի որ այդ ընտրությունը մի քանի անգամ բարձր է, քան նախագահական ընտրությունը:

«Մենք գալիս ենք մեր դաշինքով կառավարման նոր մշակույթ բերելու համար՝ հաշվի առնելով նախկին և դրական պահերը, նաև բացասական երևույթները, սխալները, բացթողումները»,- ասաց Օհանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում