ՀՀԿ ծրագիրն իրատեսական է և մենք ականջահաճո բաներ չենք ասելու. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ ծրագիրն իրատեսական է և մենք ականջահաճո բաներ չենք ասելու. Արփինե Հովհաննիսյան

Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն իրատեսական է, և ՀՀԿ-ն ականջահաճո բաներ չի ասելու: Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Մեր ծրագիրն իրատեսական է, մեր քաղաքական թիմն ունի փորձառություն առաջ շարժվելու: Այսօր ցանկանում եմ խոսել իրատեսականի մասին: Իրատեսականություն ասելով հասկանում ենք վստահություն մեր և ժողովրդի մեջ: Վստահություն ունենք, ուզում եմ, որ դուք էլ ունենաք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե աշխատավարձերն ու կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացնելու են, իսկ ինքն ուզում է օբյեկտիվորեն հարցնել` ինչի՞ հաշվին են բարձրացվելու:

«Մենք ոչ մի բանին վնասելու հաշվին ծրագիր չենք կատարելու: Մենք առաջ ենք գնում կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով ու հենց այդպես էլ շարունակելու ենք»,- ասաց նախարարը` հիշեցնելով, որ հունվարի 1-ից հարկային արտոնություններ են տրվել անհատ ձեռներեցներին. «Կոշկակարները, դերձակները հարկերից ազատված են, սա կոնկրետ քայլ է, կարո՞ղ ենք հիմա հայտարարել, որ հարկերից ազատելու ենք մի խումբ քաղաքացիների, որ բիզնեսը ծաղկի: Այո, կարող ենք, բայց իրատեսակա՞ն է դա: Ոչ»:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ հիմա խոստումներ տալու ժամանակն է, իսկ քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, իրենք ասում են միայն այն, ինչը հստակ գիտեն, թե ինչպես են անելու:

«Հետևաբար, երբ ապրիլի 2-ին կգնանք ընտրության, հիշեք այս հորդորը, ընտրեք այն քաղաքական ուժին, որ վստահ եք, որ ինչ ասել է, իրագործելու է: Եկեք բոլորս միասին հավատանք, որ կարողանանք փոխել ու կերտել այն իրականությունը, որ ցանկանում ենք»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում