Հավային կասեցրել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը

Հավային կասեցրել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը

Հավայիի նահանգում ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանը մարտի 15-ին ժամանակավոր արգելք է դրել ներգաղթի սահմանափակման վերաբերյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի կատարման վրա, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Այսպիսով, ինչպես նշվում է, դատարանի վճիռը կասեցնում է այն հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 16-ին:

Թրամփը դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը որակել է «դատական իշխանության լիազորությունների աննախադեպ վերազանցում»: Նա խոստացել է դա չեղարկել ցանկացած միջոցներով: «Մենք այնքան հեռու կգնանք, որքան պահանջվի, այդ թվում նաեւ մինչեւ Գերագույն դատարան»,- հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ, բացի Հավայիից, Թրամփի ներգաղթային հրամանագիրը վիճարկելու մտադրություն էին հայտնել Նյու Յորքի եւ Վաշինգտոնի նահանգները:

Նոր խմբագրությամբ փաստաթուղթը Թրամփն ստորագրել է մարտի 6-ին: Հրամանագիրն 90 օրով կարգելի ԱՄՆ ժամանել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիներին: Փաստաթղթի գործողությունը չի տարածվում մինչեւ հունվարի 27-ը տրված այցագրերի կամ կեցության վկայագրերի տերերին:

Բացի դրանից, 120 օրով կկասեցվի փախստականների ընդունման ծրագիրը: Այս միջոցը չի վերաբերի նրանց, ում ԱՄՆ ժամանման ժամկետ են նշանակել, ում պարտավորվել են ընդունել եւ արդեն ընդունել են:

Ներգաղթի քաղաքականության խստացման մասին առաջին հրամանագիրը Թրամփն ստորագրել էր հունվարի 27-ին: Փաստաթուղթը բողոքի ալիք առաջացրեց երկրում, հետագայում դրա գործողությունն արգելափակվեց դատարանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում